(010) 303-300

ՃՇՀԱՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ — 2025»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Օրերս ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի ունեցավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որին պատվով մասնակցեցին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ավագ դպրոցի սաները՝ իրենց նախագծավարների ուղեկցությամբ։

ՃՇՀԱՀ թիմերն այս տարի փառատոնին ներկայացել էին գիտական բարձր որակի ու ստեղծարար մոտեցմամբ առանձնացող նախագծերով։ Արդյունքում՝ մեր սաները արժանացան 1-ին և 3-րդ կարգի դիպլոմների, ինչպես նաև գովասանագրի, որոնք վկայում են ոչ միայն նրանց գիտելիքների, այլև մեթոդական կարողությունների, թիմային աշխատանքի և հետևողականության բարձր մակարդակի մասին։

Այս տարի փառատոնին ներկայացվել է 91 գիտական նախագիծ՝ 250 աշակերտի մասնակցությամբ։ Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույնները կմեկնեն միջազգային մրցույթներ՝ ISEF-2025 (ԱՄՆ, Օհայո) և EUCYS (Լատվիա)՝ Հայաստանը ներկայացնելու։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնն անցկացվում է 2021 թվականից և տարեցտարի ընդգրկում է ավելի մեծ թվով դպրոցականների։ Ծրագիրը նպատակ ունի հետաքրքրություն սերմանել գիտության նկատմամբ, խթանել հետազոտական և նորարարական մտածողությունը դպրոցականների շրջանում։

ՃՇՀԱՀ-ը մշտապես կարևորում է գիտահետազոտական ուղղվածությամբ ծրագրերը՝ որպես աշակերտների ստեղծագործ կարողությունների զարգացման և մասնագիտական կողմնորոշման խթանիչ։

 

02.06.25