Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անվտանգության ինժեներ Արման Սարգսյանն օրերս մասնակցել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած «Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճանապարհային անվտանգություն» խորագրով խորհրդաժողովին։
Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցում էին հիմնականում Ասիայի ու Խաղաղօվկանոսյան տարածաշրջանի երկրների ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում առանձին նստաշրջան է նվիրվել մոտոցիկլետների երթևեկության անվտանգությանը, քննարկվել են մասնակից երկրների՝ երթևեկության անվտանգությանն առնչվող տարեկան ցուցանիշները։
Մոտոցիկլետների երթևեկության խնդիրներին անդրադառնալիս Արման Սարգսյանը նշեց, որ չնայած քննարկման ենթակա խնդիրը մեր երկրում լրջորեն ծառացած չէ, քանի որ մոտոցիկլետները Հայաստանի տրանսպորտային պարկի շատ փոքր տոկոսն են, այնուամենայնիվ հետաքրքիր ու ուսանելի էր լսել տարբեր երկրների փորձը տրանսպորտային այս միջոցի երթևեկության անվտանգության ապահովման համատեքստում։ Ներկայացվել են նաև մոտոցիկլետ վարելիս կիրառվող նորագույն պաշտպանիչ միջոցները։
Անդրադարձ է եղել ճանապարհատրանսպորտային պատահարների դատաբազաներին, դրանք կազմելու մեթոդներին ու չափանիշներին, ինչպես նաև ներկայացվել է մեր երկրում ճանապարհային անվտանգությանն առնչվող տեղեկատվություն։