Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ Դավիթ Զալինյանը հաղթող է ճանաչվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթում։
Հաղթող ճանաչված գիտական նախագիծը կրում է «Շենքերի տեղեկատվական մոդելավորման (BIM) հնարավորությունները ժառանգության պահպանության մեջ» վերնագիրը և նպատակ ունի ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ նպաստել պատմամշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և արդյունավետ կառավարմանը։
Ծրագիրը նպատակ ուներ ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին:
Դավիթ Զալինյանի հաղթանակը վկայում է ներկայացված նախագծի գիտական արդիականության և կիրառական արժեքի մասին։