(010) 303-300

ՃՇՀԱՀ֊-Ը ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻՆ

Կարևորելով համագործակցությունը կրթության, կառուցապատման և քաղաքաշինության ոլորտներում, հաշվի առնելով քաղաքաշինության՝ որպես ՀՀ տնտեսության լոկոմոտիվ ճյուղի կարևորությունը, ոլորտի շարունակական ու կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունավետության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանության նպատակը, ոլորտի մասնագետների համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ  ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ի դեմս Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի` ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս նախագահ Գուրգեն Գրիգորյանի, «Հայաստանի շինարարների միություն ՀԿ, ի դեմս նախագահ Գագիկ Գալստյանի, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ՀԿ, ի դեմս նախագահ Մկրտիչ Մինասյանի:

Հուշագիրը նախատեսում է ՀՀ օրենսդրության և ստորագրող կողմերի իրավասությունների սահմաններում համագործակցություն քաղաքաշինության բնագավառի զարգացման, մասնագետների կրթության, կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, որակավորման բարձացման, հնարավորությունների ու փորձառության շրջանակում:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Ե․ Վարդանյանը,  իր խոսքում նշեց. «Այս հուշագրով ամրագրվեց այն փաստը, որ բոլորս մեկտեղելու ենք մեր ջանքերը, ոլորտում առկա խնդիրների լուծումը էլ ավելի արդունավետ դարձնելու համար։ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամաբ ստեղծելու ավելի բարենպաստ պայմաններ  կրթությունն ապահովելու,  քաղաքաշինական և շինարարական գործունեություն ծավալելու համար, ինչու չէ նաև  խրախուսելու տեղական հումքով շինարարական նյութերի մշակումը, ստեղծումը, վերամշակումը և դրանց օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող շինարարական աշխատանքների մեջ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և շնորավորում եմ  այս համագործակցության առթիվ բոլորիս»։

Ներկաներին ողջունեց նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա․Ղուլարյանը․ «Այսօր յուրահատուկ է միջոցառումը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կողմերին այս միջոցառումը նախաձեռնելու և միանալու համար։ Այս հուշագիրը, որ մենք միասին ստորագրեցինք  սկիզբն է այն  միասնական ծրագրերի, որ Ձեզ հետ միասին պետք է իրականացնենք, առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Վարդանյանին, կառուցապատողների հայկականասաոցացիային, որոնք հրավիրեցին մեզ որպեսզի միանանք այս միջոցառմանը, և մենք բանակցելով  և քննարկելով եկանք այն եզրակացությանը, որ պետք է միավորվել և ստորագրել հուշագիր։ Ես համոզված եմ, որ այս հուշագիրը մեկնարկը կլինի, որ քաղաքաշինության բնագավառում ավելի նպատակաուղղված, գրագետ, հեռանկարային և երկարաժամկետ ծրագրեր իրականացնենք»,-նշեց Ա․ Ղուլարյանը։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև  «Կառուցապատողների հայկական ասոցիացիա», «Հայաստանի շինարարների միություն» և «Հայաստանի ճարտարապետների պալատ» հասարակական կազմակերպությունների ղեկավարները։

Մինչ հուշագրի ստորագրման բուն արարողությունը  ՃՇՀԱՀ ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին համալսարանի  լաբորատորիաներում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, մատուցվող ծառայություններին։

Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ոլորտի արդիական հիմնախնդիրներին և հուշագրի  նպատակներից բխող համատեղ անելիքներին վերաբերող կլոր սեղան քննարկում։

24.11.21