Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Բաց ստուդիա» նախագծի 21-րդ միջոցառումը:
Այս անգամ համալսարանականների հետ հանդիպման էր եկել «ՈւՄԵԴՅԱՆ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր և գլխավոր ճարտարապետ Լևոն Ումեդյանը: Նա պատմեց մտքի, ժամանակի և ճարտարապետության կապի, ստեղծագործության առանցքի կարևորության և մետամորֆոզների մասին: Զրույցը համեմված էր տեսողական նյութով, որտեղ ներկայացված էին Լևոն Ումեդյանի վառ, ինքնատիպ և բազմաշերտ ճարտարապետական մտքի արտահայտումները, որոնք սփռված են Հայաստանով և Արցախով մեկ. եկեղեցի, դպրոցներ, հիվանդանոցներ, մշակույթի տներ, համայնքային կենտրոններ, մենատներ, բազմաբնակարան շենքեր, հուշարձան-համալիրներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, հանգստյան տներ, դատարաններ:
Հանդիպման ավարտին բանախոսը սիրով պատասխանեց ուսանողների հարցերին՝ մաղթելով նրանց ստեղծագործական մետամորֆոզների, մտքի առանցքի հստակ գիտակցում և կայացում: