(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՂԱՆԿԱՐԻ ԹԵՄԱ

Ուսանողներին քաջալերելու, նրանց աշխատանքները գովասանքի արժանացնելու լավագույն միջոցը բալային գնահատականը չէ, այլ՝ նրանց ստեղծագործությունների ցուցադրությունն ու հանրայնացումը:

Առողջ, բարենպաստ ու տրամադրող միջավայրում ստեղծագործելը երիտասարդ արվեստագետին մղում է բացահայտելու իր ներքին հնարավորությունները և նպաստում երևակայության ազատությանը: Այս համոզմունքով՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի՝ Էդուարդ Իսաբեկյանի անվան արվեստանոցի սաները, այս օրերին, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացնում են «Ճարտարապետություն և շինարարություն» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը:

Ցուցահանդեսն արդեն 2-րդ անգամ իրականություն է դառնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի մտահղացմամբ, աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ: Նախորդը, որն անցկացվեց նախորդ տարի և կրում էր «Տրանսպորտ և առևտուր» խորագիրը, ունեցավ կատալոգային հրատարակություն: Կազմակերպիչները վստահ են, որ այս մեկն էլ, Գագիկ Գալստյանի աջակցությամբ, կունենա տպագիր վավերացում:

Ցուցահանդեսի մասնակից ուսանողներից մեկը, տպավորված ու ոգեշնչված էր, հատկապես, թեմայի ընտրությամբ, քանզի այն հնարավորություն է տվել անդրադառնալ այնպիսի այնպիսի առօրեական գործունեության, ինչպիսին շինարարությունն է և այնպիսի մնայուն արժեքների, ինչպիսին՝ ճարտարապետությունը: Ցուցադրության ևս մեկ առանձնահատկություններից էլ ցուցահանդեսում ղեկավարների աշխատանքների ներառումն է: Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի և ավագ դասախոս Արթուր Հովհաննիսյանի աշխատանքների ներկայությունն ուսանողների համար որքան կարևոր, այնքան էլ հետաքրքիր է՝ սերունդների գեղարվեստական մտածողությունը, արտահայտությունների նմանություններն ու տարբերություններն շեշտադրելու համար:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ռեկտոր Գագիկ Գալստյանը զուգահեռներ տարավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում պարբերաբար բացվող ցուցադրությունների միջև և հավանական համարեց ռեկտոր Արամ Իսաբեկյանի՝ համատեղ ցուցահանդես իրականացնելու գաղափարը:

17.10.19