(010) 303-300

Ճարտարապետության ֆակուլտետը՝ սեբաստացիներին հյուր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ ապրիլի 11-ին, մեր համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, փոխդեկան Արմեն Շատվորյանը, դասախոսներ ու մի խումբ ուսանողներ հյուրընկալվեցին սեբաստացիներին:

Պատճառը ողջունելի և հեռանկարային էր՝ ճարտարապետության նկատմամբ դեռևս դպրոցական նստարանից հետաքրքրություն առաջացնելու և նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում ներդրում ունենալու տեսանկյունից: Քննարկում-հանդիպումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում ՙԿրթական պարտեզ բնակելի արվարձանում՚ քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նախագծային ուսումնական արվեստանոց-լաբորատորիայի ստեղծման առաջին հավաքն էր:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը համալսարանականների հետ շրջայց կատարեց դպրոցում, ներկայացրեց դպրոցում գործող գունանկարի, գծանկարի, անիմացիայի, թատերական խմբակները և շեշտեց, որ Գեղարվեստի դպրոցի գերխնդիրը տարբեր մասնագիտությունները մեկ հարկի տակ հավագրելն ու աշակերտներին ծանոթացնելն է:

Սարգիս Թովմասյանը դպրոցին հյուր էր եկել կարևոր ասելիքով. ՙՆայեք ձեր շուրջը՚ խորագրի ներքո՝ ճարտարապետության ոլորտը ներկայացնող պատմական ակնարկ-նկարաշարով, ճարտարապետի առաքելության և մասնագիտության կարևորության ու առանձնահատկությունների մասին զրույցով:

Հանդիպման ավարտին որոշվեց՝ Արմեն Շատվորյանի ղեկավարությամբ՝ համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները կկազմեն աշխատանքային խմբեր, որոնք, Ա. Բլեյանի խոսքերով, կունենան բոլոր անհրաժեշտ պայմանները արվեստանոց-լաբորատորիայի նախագծման և կյանքի կոչման համար: Արվեստանոց, որտեղից, միգուցե, դուրս գա մեր համալսարանի ապագա ուսանողն ու վաղվա ճարտարապետը:

11.04.16