(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՐԳԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ… 

Ամանորյա շնորհավորանքն անցնող տարվա դեպքերի և իրադարձությունների յուրատեսակ ամփոփում է՝ համեմված ջերմագին բարեմաղթանքներով: Այս տարի նույնպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ, հաջողված նախագծեր, հպարտության ու հարգանքի արժանի դափնեկիր ուսանողներ և դասախոսներ: Այս ամենը վկայում են համալսարանի՝ մեր երկիրն ու քաղաքը շենացնելու, նոր ու հոյակերտ կառույցներով հայկական ճարտարապետական ժառանգությունը հարստացնելու և նոր սերնդին կարևորագույն մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու քաղաքականությանը հավատարիմ մնալու մասին: 

Ինչպես բազմիցս եմ նշել, հիմա էլ ուզում եմ առանձնակի շեշտադրությամբ ասել, որ համալսարանը ուսանողինն է, համալսարանի լոկոմոտիվը՝ պրոֆեսորադասախոսական կազմը: Եվ այո՜, թե՜ համալսարանը, թե՜ ապագան այսօրվա ուսանողներինն է, հետևաբար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու նրանց ուսման որակը բարձրացնելու, կրթական ծրագրերի բոլոր աստիճաններին անխոչընդոտ հասնելուն աջակցելուն և համալսարանի առաջընթացն ապահովելու համար: Արդեն իսկ ուրվագծված են այն հավակնոտ ու հեռահար ծրագրերը, որոնք ուղղորդելու են մեր համալսարանը դեպի նոր հաղթանակներ, նոր բարձունքներ և միջազգային հարթակներ: Մեր աշխատանքները լինելու են բացարձակ թափանցիկ և տեսանելի։ Բացառվելու են բոլոր տեսակի չարաշահումները, մնալու ենք հավատարիմ մեր պետության որդեգրած քաղաքականությանը։

Սիրելի՛ համալսարանականներ,

Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլև` մեր համալսարանի զարգացման նոր փուլ։ Մտնում ենք նոր հույսերով և առաջընթացի մեծ ակնկալիքներով: Համոզված եմ, որ մեր որդեգրած առաջնահերթությունները բխելու են, բացառապես, ուսանողների և դասախոսների շահերից:

Եվ ուրեմն` Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն և բարօրություն: 

Ցանկանում եմ, որ խաղաղությունն անխախտ լինի Հայոց աշխարհում և թո՜ղ, որ Հույսը, Հավատն ու Սերը նոր տարում լինեն մեր բոլորի հավատարիմ ուղեկիցները։

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Ռեկտորի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր Եղիազար Վարդանյան

 

31.12.19