(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Ճարտարապետների պալատում այսօր տեղի ունեցավ Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, շինարարների միության նախագահ  Գագիկ Գալստյանը և այլ պատվավոր հյուրեր։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորելով  ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ նշեց, որ կառավարությունն իր հերթին կարևորում է այս ոլորտի շարունակական զարգացումը, մասնավորապես վերջին տարիներին ի դեմս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կայուն հիմքերի վրա է դրված ճարտարապետական կրթությունը, որը իր գործուն նպաստն է բերում ոլորտի առաջխաղացմանը, նոր հեռանկարների բացելով ապագա ճարտարապետների համար։ Շարունակելով խոսքը պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց, բոլոր այն ճարտարապետներին ովքեր իրենց վաստակով Հայաստանը դարձնում են ավելի հրապույր և ներկայանալի, կարևորելով հնի ու նորի ներդաշնակ միաձուլումը։

ՀՀ նախագահի որոշմամբ՝ Ճարտարապետության բնագավառում ունեցած նշանակալի վաստակի համար՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր Արտյոմ Գրիգորյանը և «Հայնախագիծ» ԲԲԸ ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ստեֆան Լազարյանն արժանացան  ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչմանը: Կոչումները նրանց հանձնեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ճարտարապետների  մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կարևորելով ճարտարապետների դերը քաղաքաշինության ոլորտում, ընդգծեց, որ ճարտարապետության շնորհիվ մեր երկիրը միշտ եղել է մրցունակ աշխարհի ամենամեծ և հզոր երկրների կողքին, ինպես նաև հավելեց, որ առանց ճարտարապետաշինարարական համատեղ մասնագիտական լուծումների քաղաքաշինության ոլորտը չէր կարող զարգանալ։ Այնուհետև պարոն Ղուլարյանը Քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար գերատեսչական մի շարք պարգևներով  պարգևատրեց ոլորտի առաջատար մասնագետներին։

ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհավորելով ճարտարապետներին նշեց, որ ճարտարապետությունը մեր մշակույթի անբաժանելի մասն է, անքակտելի բաղադրիչը և մեր երկրի այցեքարտը համայն աշխարհում։

Գիտական խորհրդի որոշմամբ ռեկտոր Ե․ Վարդանյանը ճարտարապետական կրթության և քաղաքաշինության  բնագավառում ունեցած ավանդի համար «Արթուր Թարխանյան» ոսկե մեդալով է պարգևատրել Քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու  Մուշեղ Հովհաննիսյանին, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության դոկտոր Լյուբա Կիրակոսյանին և Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր Թագուշ Խաչատրյանին։

Ներկաները ծանոթացան նաև Ճարտարապետների պալատում բացված ցուցահանդեսի աշխատանքներին, որտեղ ներկայացված էր 30 հայ ճարտարապետի շուրջ 150 ստեղծագործություն:

11.10.21