ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետների միությունում մեկնարկեց ճարտարապետների դիպլոմների հանձնման արարողությունը: «Խոստանում եմ հավատարիմ լինել ճարտարապետի կոչմանը, խնամքով վերաբերվել ճարտարապետական, պատմական ու բնական ժառանգությանը…»: Այս խոսքերով՝ այսօր՝ հունիսի 16-ին, ՃՇՀԱՀ-ի 117 բակալավր և 42 մագիստրոս ճարտարապետները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները, որոնցից 44-ը՝ գերազանցության:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Կարեն Ռաշիդյանցը, Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Էմմա Հարությունյանը, հյուրեր և ծնողներ:
Շնորհավորելով շրջանավարտներին` ռեկտոր Գալստյանը նրանց հորդորեց միշտ քայլել համալսարանի կողքով և առաջին քայլերն անել ավագների ուղեցկությամբ: Մշտապես նրանց աջակից ավագները նույնպես խոստացան հետագայում էլ իրենց նախկին ուսանողների և, արդեն, գործընկերների կողքին լինել:
ՙՍա միաժամանակ և երջանիկ, և տխուր օր է, մեր ուսանողները մտնում են նոր միջավայր: Ես ուզում եմ, որ դուք նվիրվեք ճարտարապետի գործին այնպես, ինչպես ձեր ծնողին՚,-նկատեց Կարեն Ռաշիդյանցը: Ճարտարապետությունն աստվածային մասնագիտություն կոչելով՝ Սարգիս Թովմասյանը նույնպես շնորհավորեց շրջանավարտներին և կոչ արեց մշտապես բնությանը համահունչ լինել, քանզի մեր շուրջը Աստծո ու ճարտարապետների ստեղծագործություններն են:
Բուռն ու անբացատրելի զգացողություններով և լուսավոր ապագայի երազանքով՝ շրջանավարտներին հանձվեցին իրենց տարիների վաստակը՝ դիպլոմները: