(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Կռիվդ ավելի հերոսական ու նպատակային է դառնում, երբ կռվում ես հայրենի գյուղիդ, ծննդավայրիդ համար: Մեր համալսարանի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կարեն Թորոսյանն այն տասնյակ ուսանողներից է, ով մեկնեց ռազմաճակատ՝ առանց վայրկյան անգամ մտածելու: Եվ ի՞նչ ուներ մտածելու, երբ գնում էր թշնամուց պաշտպանելու իր ծննդավայրը՝ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղը: Հրետանավոր-հետախույզ Կարենն Արցախ է մեկնել իր կուրսընկերոջ՝ Էրիկ Գևորգյանի հետ: Պատմում է՝ «մեծացել եմ պատերազմի, հաղթանակների ու հայրենասիրության մասին պատմություններով, հայրս և հորեղբայրս կռվել են թե’ 1988թ-ի շարժմանը, թե’ Ապրիլյան պատերազմին»: Իսկ այս պատերազմին սահմանները պահելու հերթն իրենն էր, գնացել է վստահ և հաղթելու անհագ ցանկությամբ:

«Վախերի մասին մտածելու ժամանակ չի լինում». ինչպես 4-րդ կուրսի ուսանող Սամվել Տաշչյանն է ասում, նախ պետք է վախդ սպանես, հետո՝ թշնամուդ: Նրա խոսքերով՝ կռիվ մեկնող յուրաքանչյուր մարդ պիտի գիտակցի, որ պատերազմը նաև կյանքի ու մահվան կռիվ է, և միայն բարձունքում գտնվող ազգասիրությունը կարող է դրդել նրան մեկնել առաջնագիծ՝ զոհվելու վախը հաղթահարած:

Այն, որ պատերազմը սարսափելի ու դժոխային  երևույթ է, անկասկած է, բայց անկասկած է նաև այն, որ մարդկանց բոլոր լավ ու վատ կողմերը բացահայտվում են հենց ռազմի դաշտում: «Մենք շատ ուժեղ և հզոր հայերենակիցներ ունենք»,-ասում է Սամվելը և հավելում, որ ցավոք կան նաև նրանց հակառակները…

Հաղթահարված վախ, կոփված կամք, հայրենասիրություն, կազմակերպվածություն և զենքին լավ տիրապետում: Սա է հաղթելու բանաձևը՝ ըստ 3-րդ կուրսի ուսանող Սուրեն Մկրտչյանի:

Պատերազմի ելքը խորթ էր բոլորի համար՝ հաղթանակի համը ճաշակած անկախության սերունդը հավատում է, որ ամեն ինչ դեռ արջևում է…

27.11.20