(010) 303-300

ՀՈՒՍԱԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էր հյուրընկալվել Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը: Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը/ԵԳԱԾ/, ՀՀ Նախագահի հովանո ներքո, իրականացնում է գիտական բազմաթիվ ծրագրեր:

Հանդիպմանը ներկա էին ՃՇԱՀ-ի Երիտասարդ մասնագետների միավորման ղեկավար Մանուկ Բարսեղյանը, Ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը, Կարիերայի և Ընդունելության բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը, երիտասարդ դասախոսներ:

Արթուր Մովսիսյանը, ներկայացնելով ծրագրի առաքելությունը, նշեց, որ հիմնական նպատակը երկրի երիտասարդ գիտնականների մասնագիտական աճին, զարգացմանը, ինչպես նաև գիտական համակարգի առաջընթացին աջակցելն է և կադրային ներուժի համալրումը: Բանախոսը թվեց նաև ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք են՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտաժողովներին գործուղման ֆինանսական աջակցությունը, Հայաստանում տարբեր գիտական միջոցառումների անցկացմանը խթանելը, գիտական սարքեր և նյութեր ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը, գրքերի տպագրության, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ամսագրերում գիտական հոդվածների տպագրման խրախուսումը:

Հանդիպումն ընթացավ բուռն քննարկումների և հարց ու պատասխանի մթնոլորտում:

01.02.18