(010) 303-300

ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

«Այս կյանքում մի մեծ բանալի կա՝ գիտելիքը»: «Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը գիտելիքի արժեքը լավ գիտի: Լինելով մեր համալսարանի շրջանավարտը, ձեռք բերելով տարբեր մասնագիտություններ և ստանձնելով տարբեր պաշտոններ՝ պարոն Օսիպյանը երբեք չի դադարել մտածել, որ իր բոլոր հաջողությունների բանալին գիտելիքն է: Այդ համոզմունքով է, որ, կրելով սոցիալական պատասխանատվություն, «Արարատբանկ»-ը շարունակաբար ապահովում է մասնավոր-բուհ կապը և ուշադրության կենտրոնում պահում ուսումնական ծրագրերը:

Կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական, ֆինանսատնտեսագիտական ոլորտներում՝ այսօր «Արարատբանկ»-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը կնքեցին հուշագիր, որի առարկան համալսարանի «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում» ու «Անշարժ գույքի փորձաքննություն» կրթական ծրագրերի կատարելագործման ծրագիրն է: Հուշագրի կնքման արարողությանը ներկա էին ՃՇՀԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը, ՀՀ Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը, ՀՀ Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, պրոռեկտորներ և ուսանողներ:

Հուշագրի շրջանակներում՝ բանկը և համալսարանը համատեղ կմշակեն կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված առաջարկություններ, կկազմակերպեն ուսումնական պրակտիկաներ, գիտաժողովներ, սեմինարներ, վարպետության դասեր և բաց դռների օր՝ բանկի աշխատանքներն ու գործառույթները ներկայացնելու նպատակով:

Ինչպես փաստեցին ներկաները՝ անժամկետ կնքված հուշագիրն էականորեն կնպաստի ինչպես ուսանողների մասնագիտական աճին, այնպես էլ, հետագայում հնարավորություն կընձեռի նրանց ներգրավել երկրի տնտեսության և շինարարության խնդրահարույց հարցերում:

21.02.19