Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ճարտարապետների պալատի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցությամբ, տեղի ունեցավ «Հովհաննես Քաջազնունին՝ ճարտարապետ» խորագրով համահայկական գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Միջոցառման նպատակն էր նոր հայացք նետել Քաջազնունու ճարտարապետական ժառանգությանը՝ ներկայացնելով նրա գործունեության բազմաշերտությունն ու ազդեցությունը հայկական մշակույթի վրա։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը. «Այս նախաձեռնությունը մեծ խթան է բոլորիս համար, քանի որ առաջին անգամ Քաջազնունին այս գրքում ներկայացվում է որպես ճարտարապետ։ Նրա ստեղծագործական ժառանգությունը շատ ավելի ընդգրկուն է, քան ներկայացված է գրքում։ Նրա դերն ազգային ճարտարապետության մեջ զգալի է, և այս անհատին անհրաժեշտ է դիտարկել նաև հայոց պատմության ընդհանուր համատեքստում՝ լիարժեքորեն գնահատելու համար նրա ներդրումն ու թողած հետագիծը մեր մշակութային ժառանգության մեջ»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Շատվորյանը. «Ցանկանում եմ ընդգծել այս միջոցառման կարևորությունը և խորին շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, նախաձեռնողներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին։ Սա մի բացառիկ նախաձեռնություն է, որը ոչ միայն հարգանքի տուրք է Քաջազնունուն, այլև՝ արժեքավոր կրթական հարթակ։ Քաջազնունին այն եզակի անձանցից է, ով իր մասնագիտության սահմաններից դուրս եղել է խորապես նվիրված ազգային գործերին։ Նա կարող է ծառայել որպես ոգեշնչող օրինակ՝ մեր նոր սերունդների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է մասնագիտական ու ազգային նվիրվածությունը միավորել մեկ անձի մեջ»։
Շնորհանդեսը կարևոր քայլ էր Հովհաննես Քաջազնունու, որպես ճարտարապետի, կերպարի նորովի ներկայացման ճանապարհին։ Նրա ժառանգության վերարժևորումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, այլ նաև խթան՝ մեր մշակութային ինքնության խորացման և երիտասարդ սերնդի կրթության համար։