(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Հոլանդական ընկերությունը պատրաստ է համագործակցել մեր համալսարանի հետ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էին հյուրընկալվել Նիդերլանդների «Մեկանո» ճարտարապետական ընկերության ճարտարապետ Պոլինա Ստրուկտովան և «The Business and Knowledge Society» կազմակերպության նախագահ Գարի Ղազարյանը: Հայաստան, և, հատկապես, մեր համալսարան այցը նպատակ ունի համագործակցության եզրեր գտնել՝ ճարտարապետական նոր լուծումներով կառույցներ, բնակարաններ և ծրագրեր իրականացնելու բնագավառում:

Հոլանդական պատվիրակությանը մեր համալսարանում ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Ռեկտոր Գալստյանը ողջունեց հյուրերի այցը և նրանց՝ մեր համալսարանի հետ համագործակցության առաջարկը:

Ներկայացնելով «Մեկանո» ճարտարապետական ընկերությունը՝ Պոլինա Ստրուկտովան նախ շեշտեց Նիդերլանդների Դելֆտի համալսարանի հետ ընկերության սերտ կապը: Հանդիսանալով համաշխարհային հայտնի ընկերություն՝ այն առաջարկում է բնակարանաշինության այլընտրանքային լուծումներ և պարբերաբար իր փորձը կիսում ուսանողների հետ: Պ. Ստրուկտովան տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը, աշխատանքային պրակտիկա անցկացնելու նպատակով, պարբերաբար հավաքագրում է տարբեր երկրներից ուսանողներ, ովքեր 6 ամիս շարունակ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետների հետ, ստանում անհրաժեշտ գործնական գիտելիքներ և ունենում հնարավորություն հետագայում դառնալու ընկերության աշխատակիցը:

Նա նշեց, որ այս առումով արդյունավետ ու հեռանկարային է համարում նաև մեր և Դելֆտի համալսարանների համագործակցությունը, ինչի շրջանակներում կիրականացվեն դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր: Ստրուկտովան նաև հավելեց, որ մոտ ապագայում նախատեսվում է Դելֆտի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի դասախոսությունը՝ մեր համալսարանում:

Ռեկտոր Գալստյանը նույնպես ողջունեց հյուրերի առաջարկները և խոստացավ անել հնարավորինը՝ ուսանողների փոխանակման և հայտնի ընկերությունում մեր ուսանողների պրակտիկան կազմակերպելու հարցը շոշափելի և իրական մակարդակի հասցնելու համար: Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին մեր նորաբաց լաբորատորիաներում և իրենց անկեղծ հիացմունքն արտահայտեցին:

Նշենք, որ հոլանդական պատվիրակությանը մեր համալսարան էր ուղղորդել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ռեկտոր Գագիկ Գալստյանին ուղղված նամակում նշելով, որ «Հաշվի առնելով Տեխնոլոգիական համալսարան ստեղծելու վերաբերյալ Հայաստանի հեռահար ծրագրերը՝ կարծում ենք, որ այս ընկերությունն ու նրա համաշխարհային հեղինակությունը, ինչպես նաև Դելֆտի համալսարանի հետ համագործակցությունը կարող են օգտակար լինել այս հարցում»:

22.03.17