Այսօր հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանցիներն արդեն հասուն մտքով ու գիտակցությամբ դպրոցների բեմերից հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախներին՝ լավ ապագային հույսով ու արժանավոր քաղաքացի դառնալու խոստումով:
Ավարտական եռուզեռ էր նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Իրենց Վերջին զանգն էին տոնում 7 ավարտական դասարանի 122 աշակերտ: Շրջանավարտներին շնորհավորելու և իրենց բարեմաղթանքները հղելու էին գնացել ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի խորհրդական Հովսեփ Հովեյանը, հյուրեր ու ծնողներ: Ավարտականները ջանք ու եռանդ չէին խնայել՝ ներկաներին գոհացնելու և իրենց օրը տոնական ու հիշարժան դարձնելու համար:
Շրջանավարտներին շնորհավորելով՝ ռեկտոր Գալստյանը հպարտությամբ նշեց, որ յուրաքանչյուր նոր սերունդ գերազանցում է նախորդին՝ իր հասունությամբ, կյանքի նկատմամբ խելացի վերաբերմունքով և հորդորեց նրանց ապագայում էլ դառնալ լավ մարդ, հոգատար մայր, խիզախ ու հայրենասեր զինվոր: Ասմունք, երգ ու պար, բեմադրված ներկայացում, երախտիքի խոսքեր՝ առ ուսուցիչներ, հուզմունք… սա Վերջին զանգն է, յուրաքանչյուր տարի նույն ապրումներով ու նույն երազանքներով: