Մասնագիտական կողմնորոշման աշխատանքների շրջանակում Նոր Հաճնի ավագ դպրոցի և Էջմիածնի թիվ 13 դպրոցի մոտ 70 աշակերտներ, տնօրեններիի և ուսուցիչների ուղեկցությամբ, հյուրընկալվեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Համալսարանում ծանոթացան մասնագիտություններին, լսարաններին, լաբորատորիաներին, արվեստանոցներին, շրջեցին բոլոր ֆակուլտետներում:
Յուրաքանչյուր ֆակուլտետում աշակերտներին դիմավորում էին ֆակուլտետի դեկանները, անձամբ իրականացնելով շրջայցը իրենց ֆակուլտետում: Շրջայցի ժամանակ աշակերտները կիսվում էին իրենց կարծիքներով, չէին թաքցնում տպավորությունները և հայտնում համալսարան ընդունվելու իրենց մեծ ցանկության մասին: Աշակերտներից շատերին հետաքրքրում էին նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաները, մյուսներին ճարտարապետական և դիզայներական արվեստանոցները, որտեղ հետագայում անցկացնելու են իրենց ժամանակի մեծ մասը: Շրջայցից հետո աշակերտները սկսեցին հետաքրքրվել ընդունելության քննությունների նոր ներդված կարգով, ներբուհական քննությունների անցկացման ձևաչափով և այլ տարատեսակ հարցերով, որոնք կապված էին համալսարան ընդունվելու հետ: Աշակերտների բոլոր հարցերին պատասխանեց ընդունելության և կարիերայի բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը, ներկայացնելով և’ միասնական, և’ ներբուհական քննություների անցկացման կարգը, ինչպես նաև տեղեկացրեց, որ գործում է dimord.nuaca.am կայքը, որտեղ յուրաքանչյուր դիմորդ կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
Շրջայցի վերջում աշակերտների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն կրկին հանդիպել համալսարանում, բայց արդեն որպես ուսանող: