(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՈՒ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 85 ԱՄՅԱԿԸ

Այսօր ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հրանտ Թադևոսյանի  (Թաթոս)  85-ամյակն է: 

 Հրանտ Թադևոսյանը (Թաթոս)  ծնվել է 1938 թ. ապրիլի 20-ին Շիրակի մարզում: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ 2008 թվականից դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: Վարպետը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Գերմանիայում, Փարիզում, Ժնևում, Լոս Անջելեսում և այլուր: Արժանացել է «ՀՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական նկարիչ» կոչումներին: 2021 թ. տարվա նկարիչ անվանակարգում «Երկրի դեմքը» ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանն էր։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի որոշմամբ  պարգևատրվել է Կանդինսկու մեդալով: 

Հրանտ Թադևոսյանը գույների վարպետ է. իր կտավներում առկա են գունային յուրահատուկ ու հետաքրքիր լուծումներ: Կտավներից յուրաքանչյուրն ասես մի երփնավառ հեքիաթ լինի: Ինչպես մի առիթով բնորոշել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, «արվեստը հեքիաթ է, եթե հեքիաթը հետաքրքիր չէ, ես շարունակությունը չեմ ուզում լսել: Այդ իմաստով Թաթոսի հեքիաթը էնքան հետաքրքիր, գեղեցիկ, մաքուր ու բարի է, որ ուզում ես այն չվերջանա»: 

 Շնորհավորում ենք  Հրանտ Թադևոսյանին տարեդարձի առթիվ՝ քաջառողջություն և  երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք մաղթելով ՎԱՐՊԵՏԻՆ, որ ապրի ու արարի` կերտելով այն հեքիաթային ու գունագեղ կտավները, որոնք յուրաքանչյուրիս հոգեհարազատ են և համակում են ամենաջերմ ու ամենագեղեցիկ զգացումներով: Նաև շնորհակալություն ենք հայտնում Վարպետին իր թանկագին ժամանակը ուսանողներին տրամադրելու և  նրանց կրթությանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստելու համար: 

Այսօր վարպետի ծննդյան օրը, Հայաստանի ազգային պատկերասրահում ժամը 18:00-ին  տեղի կունենա իր ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը

20.04.23