(010) 303-300

ՀԱՎԵ՜ՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ՀԵՐՈՍ ԶՈՐԻԿ

Բոլոր մայրերի նման՝ Զորիկի մայրն էլ տղային բանակ էր ճանապարհել «կգնաս, տղես, տղամարդ դարձած հետ կգաս» խոսքերով, բայց Աստծո գործերն անքննելի են, Զորիկը պիտի հավերժանար ու հերոսանար:

Ստեփանակերտում բնակվող Շահրամանյանների ընտանիքում 2002թ-ի հունիսի 30-ին մեծ ուրախություն էր. ծնվել էր առաջնեկը՝ Զորիկը: Մայրը պատմում է, որ Զորիկը թեև աշխույժ ու չարաճճի, բայց անչափ համեստ երեխա էր, հետո՝ խելացի ու բազմակողմանի զարգացած աշակերտ, հավասարակշռված ու հայրենասեր զինվոր, հետո՝ արդեն քաջ հերոս…

Զորիկի հետաքրքրությունների շրջանակը լայն էր դեռ մանկուց, զբաղվում էր տարբեր սպորտաձևերով, հաճախում փայտամշակման խմբակ, քանդակում,  ստեղծագործում և ապագա մասնագիտության մասին մտածում: Որոշեց՝ պիտի դառնա ճարտարապետ, և 2020թ-ի ամռանն ընդունվեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Եվ կդառնար լավագույն ճարտարապետներից մեկը, եթե արնախում թշնամին ծարավ չլիներ հայի կյանքի ու հայի Հայրենիքի:

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ժամանակ Զորիկն ընդամենը 2-ամսյա ժամկետային զինծառայող էր: Ու չնայած ծառայության կարճ ժամկետին՝ ներգրավված է եղել մարտական գործողություններում և ցուցաբերել ակտիվ մասնակցություն:

Սակայն, գունեղ երազանքներով ու նպատակներով գրկված Զորիկի կյանքը պատերազմը նույնպես չխնայեց: Հոկտեմբերի 10-ին՝ Ֆիզուլիի շրջանում հակառակորդի հերթական հրետակոծության ժամանակ ընկավ ու հավերժի հերոսական ճամփան բռնեց նաև նա:

Փա՜ռք ու խոնարհում քեզ, տարիքով փոքր, բայց հոգով ու հայրենասիրությամբ մեծ հերոս:

 

03.12.20