Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ հանդիպում իտալացի անվանի ճարտարապետ և դիզայներ Մարկո Պոլետտիի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին ՃՇՀԱՀ ղեկավարությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ալեսսանդրո Ֆերրանտին, Առաքելության ղեկավարի տեղակալ Անդրեա Պեդուտոն, մշակութային հարցերով կցորդ Կլաուդիա Ֆորջիոնեն, Իտալիայի առևտրային գործակալության տնօրեն Ալեսանդրո Լիբերատորին, ճարտարապետ Մարկո Պոլետտին, թարգմանիչ Արամ Մկրյանը և ստաժոր Բեատրիս Սալան։
Հանդիպման ընթացքում Մարկո Պոլետտին ներկայացրեց իր մասնագիտական գործունեությունը, նախագծերը և միջազգային փորձը՝ անդրադառնալով ժամանակակից ճարտարապետության ու դիզայնի զարգացման միտումներին։ Նա կիսվեց իր ստեղծագործական մոտեցումներով՝ ոգեշնչելով ներկա ուսանողներին և երիտասարդ մասնագետներին։
Նշենք, որ հանդիպումը տեղի ունեցավ Իտալիայի Հանրապետության դեսպան Ն.Գ. Ալեսսանդրո Ֆերրանտիի և ճարտարապետ Մարկո Պոլետտիի մասնակցությամբ, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց հայ-իտալական համագործակցության կարևորությունը կրթության և ճարտարապետության ոլորտներում։
Իր խոսքում համալսարանի ռեկտորը բարձր գնահատեց Իտալիայի դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման այցերը կարևոր հարթակ են միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման համար։ Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց դեսպանին և Մարկո Պոլետտիին՝ համալսարան այցելելու և իրենց փորձը ներկայացնելու համար։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների դասախոսներ և ուսանողներ, ովքեր հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը և մասնակցել մասնագիտական ակտիվ քննարկման։
Հանդիպման ավարտին Դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշաննա Խալաթյանը դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին նվիրեց իր ստեղծագործությունը, իսկ 2-րդ կուրսի ուսանողուհի Քալանթարյան Շուշանը իր աշխատանքը նվիրեց ճարտարապետ և դիզայներ Մարկո Պոլետտիին, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ՃՇՀԱՀ ուսանողների կրթական միջավայրում ձևավորված ստեղծարար կարողությունները։
Այսպիսի հանդիպումները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և ուսանողների մասնագիտական աշխարհայացքի ընդլայնման համար՝ միաժամանակ նպաստելով համալսարանի միջազգային համագործակցության զարգացմանը։