ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ «Հանդիպումներ հայ անվանի մշակութային գործիչների հետ» և «Իմ սիմֆոնիկը» ծրագրերի շրջանակում կազմակերպել էր հանդիպում-քննարկում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանն ու պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը։
Պարոն Հովեյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը համալսարանի ու ուսանողների համար, փոխանցեց ռեկտոր Եղիազար Վարդանյանի ողջույնի խոսքը՝ հավաստիացնելով, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական կլինեն՝ էլ ավելի ամուր հիմքերի վրա դնելով համալսարանի հետ համագործակցությունը: «Ինձ համար, թերևս, պարոն Սմբատյանը տարբեր հարթություններում կարծես երիտասարդության «դեսպանը» լինի: Իր ցանկացած հաջողություն երաժշտության ոլորտում մենք մեր հաջողությունն ենք համարում։ Այս առումով շատ եմ կարևորում ուսանողների ու մեր անվանի հայրենակիցների հետ շփումները հատկապես փորձի փոխանակման առումով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև պրոֆեսոր Թադևոսյանին հանդիպումն իր ներկայությամբ պատվելու և այս ամենի խորհուրդն ավելի արժևորելու համար: Կարևոր է ավագների դերը մեր կյանքում, քանի որ առանց նրանց մեր ներկան իմաստավորված չէր լինի»,– եզրափակեց իր խոսքը Հ․ Հովեյանը:
Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց Սերգեյ Սմբատյանին հրավերը չմերժելու ու համալսարանում հյուրընկալվելու համար՝ նշելով, որ նմանօրինակ հանդիպումները նոր ձգտում ու մոտիվացիա են առաջացնում ուսանողների մոտ՝ համակելով իրենց ընտրած մասնագիտության մեջ լավագույնը լինելու մեծագույն ցանկությամբ։
Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն հայտնեց հրավերի ու ջերմ ընդունելության համար: «Հաճելի է, որ ինձ երիտասարդ եք համարում: Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ, որ հիմա ձեր կողքին եմ ու կարող եմ խոսել «արվեստ, կրթություն, գաղափարախոսություն» անքակտելի շղթայի մասին: Ներկայացնելով «Իմ սիմֆոնիկ» ծրագիրը՝ ուզում եմ ընդգծել, որ դա այն արժեքն է, որը կարող է համախմբել մեզ բոլորիս՝ նվագախմբին, աշխատակիցներին, դասախոսներին, ուսանողերին ու արվեստագետներին: Նման մոտիվացիաները մեզ պետք են: Շնորհակալ եմ հանդիպման համար: Սա մեր առաջին հանդիպումն է, որն անպայմանորեն կունենա շարունակություն»:
Հրանտ Թադևոսյանը շարունակեց Սերգեյ Սմբատյանի խոսքը՝ կարևորելով տարբեր սերունդների շփումն ու հաղորդակցությունը, որոնք երկուստեք ուսանելի են ու կարևոր: «Նկարչության մեջ պիտի աչք ունենաս, որ տեսնես, ինչպես երաժշտության մեջ ականջ պիտի ունենաս, որ լսես: Մեր ուսանողներն արվեստասեր են, և այս հանդիպումները անվանի մարդկանց հետ կարծես ավանդույթ են դարձել մեր համալսարանում: Ես հիշում եմ Սարյանի, Քոչարի, Միրզոյանի հետ հանդիպումները: Այսօր էլ արվեստն ու մշակույթը պիտի ապրեն մեր մատաղ սերնդի մեջ»: Եզրափակելով խոսքը՝ պարոն Թադևոսյանն իր նկարազարդ գիրքը՝ որպես հաճելի հանդիպման հուշ, նվիրեց Սերգեյ Սմբատյանին։
Այնուհետև ուսանողական խորհրդի նախագահի առաջարկով հանդիպումը պաշտոնական միջավայրից տեղափոխվեց արվեստի միջավայր. հանդիպմանը մասնակից ուսանողները սկսեցին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել օրվա հյուրին, իսկ Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների ուսանողները սկսեցին ճեպանկարներ անել: