Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակում «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման և մշակութային ժառանգության պահպանության ոլորտի մասնագետների վերապատրաստման նոր ծրագիր սկսելու կապակցությամբ՝ Հայաստան է ժամանել Իտալիայի ԱԳ նախարարության համագործակցութան զարգացման գործակալության փորձագետ, ճարտարապետ Ռիտա Գոնելլիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև ծրագրի հայաստանյան ղեկավար Գայանե Կազնատին և Միլանի պոլիտեխնիկի դասախոս Մարիա Քրիստինա Ջամբրունոն:
Իսկ Հայաստան, իտալացի մասնագետների այցը, հստակ հասցեագրված էր՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Տեղյակ լինելով մեր համալսարանում գործող հուշարձանների ախտորոշման,
մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման լաբորատորիայի մասին, նրանք հյուրընկալվել էին՝ համագործակցության մեծ ցանկությամբ ու առաջարկով:
Հյուրերին մեր հարկի տակ ընդունեցին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և պրոռեկտորները:
Ողջունելով իտալացի պատվիրակներին՝ Գագիկ Գալստյանը, նախ, շնորհակալություն հայտնեց Գ. Կազնատիին՝ Միլանի պոլիտեխնիկի և մեր համալսարանների միջև կապերն ամուր պահելու համար, ապա՝ «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման գաղափարը: Ռեկտորը նշեց, որ մեր համալսարանը, Հայաստանում լինելով միակ ճարտարապետներ պատրաստող կրթօջախը և, արդեն իսկ իր պատերի ներսում ունենալով հուշարձանների պահպանման, վերականգնման լաբորատորիա և համապատասխան մասնագետներ, բաց է ցանկացած համագործակցության համար: Նա տեղեկացրեց նաև, որ մոտ ապագայում լաբորատորիան կվերածվի ընդարձակ կենտրոնի, որտեղ տեղակայված հզոր ու բացառիկ սարքերն առավել արդյունավետ կդարձնեն աշխատանքը:
Արև Սամուելյանը կարևորեց նման ոչ պաշտոնական մթնոլորտում ընթացող հանդիպումը, ինչը, նրա խոսքերով, ավելի է ընդգծում փոխադարձ ջերմ ու հարազատ կապը: Ի հավելումն՝ տիկին Գոնելլին նույնպես ողջունեց արդեն շարունակական դարձած համագործակցությունը և հույս հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած նոր նախաձեռնությունը կյանքի կոչվելով՝ Երևանում կստեղծվի ազգային, միջազգային և անհատական մոտեցումներով վերականգնողական կենտրոն:
Արդյունքում՝ որտեղ և ինչ հիմունքներով կկառուցվի կենտրոնը, Մշակույթի փոխնախարարի խոսքով, պարզ կդառնա նախարարի հետ քննարկումներից ու բանակցություններից հետո: