(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում միջոցառման ժամանակ տեղի ունեցավ «Հայացք դեպի ապագա» մրցույթի  հաղթողների պարգևատրման արարողություն: ՃՇՀԱՀ  ռեկտոր Եղիազար Վարդանյանը  մեդալներ ու հավաստագրեր  հանձնեց «Խելացի իրեր խելացի տներում. ժամանակակից տեխնոլոգիաները կենցաղում» անվանակարգում  երկրորդ պատվավոր տեղը զբաղեցրած մասնակիցներին՝ Ջերմագազամատակարարման  և օդափոխության ամբիոնի մագիստրոս Լուսինե Երիցյանին, դասախոսներ Նաիրա ու Սիրանուշ Էգնատոսյաններին նոր տեխնոլոգիայի՝ նոր կառուցվածքի օդի չորացուցչի մշակման համար:

Ռեկտորը ողջունելով բոլորին, շնորհավորեց հաղթողներին. «Չափազանց ուրախալի  և գովելի է, որ մեր համալսարանը շարունակ նորանոր ձեռքբերումներ է ունենում: Դուք մեր համալսարանի պարծանքն եք, վստահ եմ, որ միշտ բարձր կպահեք համալսարանի պատիվը: Ինձ համար ավելի հաճելի բան, քան  ուսանողների պարգևատրումը, չի կարող լինել: Նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիս, քանի որ դա նաև մեր հաղթանակն է, ու մաղթում, որ մեր ձեռքբերումները լինեն շարունակական»:

Քաղաքային տնտեսության ու էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը նույնպես իր խոսքը սկսեց ջերմ բարեմաղթանքներով ու շնորհավորանքով. «2022 թվականին տեղի ունեցավ Եվրասիական արտոնագրային գերատեսչության կողմից հայտարարված երիտասարդական Եվրասիական արտոնագրային ունիվերսիադայի «Հայացք դեպի ապագա» մրցույթը՝ «Ստեղծի՛ր: Հորինի՛ր: Զարմացրո՛ւ» կարգախոսով:  Նշված ունիվերսիադան, որին մասնակցել է ավելի քան 120 երիտասարդ գյուտարար Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի անդամ բոլոր ութ երկրներից (Հայաստան, Բելառուս, Տաջիկստան, Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան և Ղրղզստան):  Ներկայացվել է 53 նախագիծ, և բոլոր նմուշները դիտարկվել են որպես իրական արտոնագրային հայտեր: Եվ յուրաքանչյուր անվանակարգում գրասենյակի փորձագետներից կազմված ժյուրին որոշել է հաղթողներին, մրցանակակիրներին ու դիպլոմակիրներին։ Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն հայտնում հեղինակներին՝ ամբիոնի վարիչ Աննա Քարամյանի գլխավորությամբ»:

08.11.22