Երբ ընտանիքում ծնողները սիրով են, ապրում են հաշտ, զավակները մեծանում են առողջ մթնոլորտում՝ հետագայում դառնալով կարեկից, բարեկիրթ ու խորը բովանդակությամբ մարդիկ:
Համալսարանն էլ ընտանիք է, ժամանակավոր, բայց նույնչափ կարևոր և ընդգծված առանձնահատկություններով: Համալսարանում է, որ դպրոցի շրջանավարտը դառնում է հասուն երիտասարդ, արժեվորում կրթության, գիտելիքի, բանիմաց և արժանավոր մասնագետ լինելու անհրաժեշտությունը: Եվ այս ամենն իրականություն է դառնում միայն այն դեպքում, երբ այդ ընտանիքի ղեկավարը բարեսիրտ, յուրաքանչյուր ուսանողի համար սրտացավ ու համալսարանի՝ առավել լուսավոր ու զարգացած ապագայի մասին հոգացող մարդ է:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում յուրաքանչյուր ուսանող, դասախոս կամ ցանկացած բաժնի աշխատակից միջանցքում ռեկտոր Գագիկ Գալստյանին հանդիպելիս բարևում է անկեղծ ժպիտով: Դրվագի օրինակը, գուցե, փոքր է, բայց խոսուն:
Առաջիկա օրերին ավարտին կմոտենա ռեկտոր Գալստյանի պաշտոնավարման 5 տարին: Եթե համալսարանի անցուդարձից անտեղյակ մարդուն փորձենք ներկայացնել այս տարիներին բուհում կատարված հսկայածավալ աշխատանքները,որոնք կատարվել են բացառապես Գալստյանի նախաձեռնության և մեծ նվիրումի շնորհիվ, աներևակայելի երկարաշունչ հոդված կստացվի, որն այդպես էլ կմնա անընթեռնելի: Այդուհանդերձ, յուրաքանչյուր ղեկավարի պաշտոնավորման ավարտին՝ Նրա իրականացրած աշխատանքների մասին, գոնե, ամփոփ ներկայացնելը պարտադիր է:
Ինչպես պաշտոնավարումից առաջ,որպես Հայաստանի շինարարների միության նախագահ և տարիներ շարունակ բուհի հոգսերով ապրող հոգաբարձուների խորհրդի անդամ, այնպես էլ պաշտոնավարման առաջին իսկ օրերից իրականեցրել է մեծածավալ շինարարական ու վերակառուցման աշխատանքներ, հիմնանորոգել և ավելացրել լուսավոր ու հարմարավետ լսարաններ, նորագույն սարքերով ու սարքավորումներով վերազինել և կահավորել լաբորատորիաները, լայնացրել միջազգային համագործակցային կապերը՝ կնքելով պայմանագրեր աշխարհի լավագույն ճարտարապետաշինարարական համալսարանների և ոլորտի հայտնի կազմակերպությունների հետ, բարձրացրել աշխատավարձերը, համալրել պրոֆեսորադասախոսական կազմը երիտասարդ մասնագետներով:
Այսօր բոլոր վերը թվարկվածներն իրականություն են, ինչի արդյունքում յուրաքանչյուր ուսանող սովորում է իր որակով ու հնարավորություններով օտարերկրյա որևէ բուհին չզիջող համալսարանում, հպարտորեն մասնակցում է տարատեսակ միջազգային նախագծերի և մրցույթների, փորձի փոխանակման ծրագրերի, վարպետության դասերի և, որ ամենակարևորն է, վայելում է իր ուսանողական կյանքը խաղաղ, ինտրիգներից զերծ և առողջ միջավայրում:
Սա է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մերօրյա պատկերը, որն արդյունք է Գագիկ Գալստյան ղեկավարի անձնվեր աշխատանքի:
Իհարկե Նա զգում է համալսարանի կարիքը, սակայն համալսարանը տևական ժամանակ, ավելի քան ունի Նրա կարիքը: