Այսօր կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը հավաստագրեր հանձնեց Լրացուցիչ կրթության բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անձնակազմի համար կազմակերպված «Շինարարություն և կոմունալ սպասարկում» մասնագիտական վերապատրաստման ծրագրի շրջանակներում հերթական անգամ վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողներին և զինծառայողներին։
Երկու շաբաթ տևողությամբ բազմաբովանդակ մասնագիտական դասընթացներին այս անգամ մասնակցում էին թվով 34 ունկնդիրներ, որոնցից 22-ը ՀՀ ՊՆ քաղաքացիական ծառայողներ էին, իսկ 12-ը՝ զինծառայողներ: Գործող ծրագիրը իր մեջ ներառում է ինչպես մասնագիտական գիտելիքների, այնպես էլ կառավարչական հմտությունների կատարելագործմանը ուղղված դասընթացներ:
Իր շնորհավորական խոսքում Համալսարանի ռեկտորը մեծապես կարևորեց մեր երկրի պաշտպանական ոլորտի աշխատակիցների կատարած անձնուրաց աշխատանքը` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ կյանքի բոլոր ոլորտներում:
Այսօրվա արարողությանը ներկա էին նաև, և վերը նշված անձանց իրենց պատվավոր խոսքը ուղղեցին ՃՇՀԱՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանը և Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, ով, ի դեպ, դասավանդել է սույն ծրագրի շրջանակներում։
Վերապատրաստում անցած մասնակիցները, իրենց հերթին, խորապես շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Գագիկ Գալստյանին, Ծրագրի համակարգող պրոռեկտոր Արկադի Բարխուդարյանին, Ծրագրի կազմակերպման համար պատասխանատու` Լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Զարուհի Ղասաբյանին, ինչպես նաև Ծրագրի ընթացքում դասավանդած Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր անդամներին` դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար։