Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը և «ՔայլՏեք» ՍՊԸ հիմնադիր Դավիթ Արսենյանը հուշագիր են ստորագրել արդյունաբերական դիզայնի, գիտական հետազոտությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցելու վերաբերյալ:
Ինչպես նշեց դեկան Ա. Մելիքյանը, «ՔայլՏեք» ընկերության հետ համագործակցությամբ արդեն իսկ իրականացվել է մեկ նախագիծ. «Ընկերության կողմից նախագծված, հաշմանդամների համար նախատեսված սարքավորումներից մեկի համար մեր մասնագետների թիմը ներկայացրել է դիզայներական լուծման առաջարկը, որին մասնակցել են նաև ուսանողները, և ապագայում մեծ ակնկալիքներ կան, որ ֆակուլտետը մեծ քայլերով կօժանդակի ու մասնակիցը կդառնա Ձեր ազգանվեր գործին»:
«Մեր նպատակը,− ընդգծեց Դ. Արսենյանը,− զինհաշվանդամների կյանքն էլ ավելի լավը դարձնելն է. ունենք արտադրած, ֆունկցիոնալ առումով շատ օգտակար 10-ից ավել սարքավորումներ, և մշտապես փնտրել ենք դիզայներ, որը վերջնական տեսք կհաղորդեր սարքավորումներին: Շնորհակալ եմ խնդրին լուծում գտնելու համար. Ձեր շնորհիվ մենք կարող եք արտասահմանյան շուկայում վաճառել մեր արտադրանքը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը»:
Հուշագրի շրջանակում կողմերը միավորում են ջանքերը երիտասարդ մասնագետների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, արտադրական ու նախաավարտական պրակտիկայի անցկացման և կրթական ու գիտական ոլորտներում կիրառվող նոր տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի, գիտական և տեխնիկական տեղեկատվության, փաստաթղթերի ու գրականության փոխանակման, վարպետաց դասընթացների, սեմինարների, վերապատրաստման ծրագրերի, կոմերցիոն բնույթի միջոցառումների համատեղ իրականացման ուղղություններով: