«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի» և «Ցեպելին Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքվեց հուշագիր՝ ուսուցման, պրակտիկայի անցկացման և շինարարական տեխնիկայի ոլորտի ուսումնամեթոդական նյութերի փոխանակման նպատակով համագործակցության վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համալսարանի ուսանողների պրակտիկաների անցկացում Ցեպելին Արմենիայում, որտեղ նրանք կարող են տեսնել և ծանոթանալ կազմակերպության աշխատանքային առօրյա գործունեությանը, հանդիպել տարբեր մասնագետների հետ։
Համագործակցության շրջանակներում ընկերության ուսուցման համակարգող Լևոն Զաքարյանն անցկացրեց սեմինար-դասընթացներ՝ ՃՇՀԱՀ ուսանողներին ծանոթացնելու Ցեպելին Արմենիայի կողմից վաճառվող ապրանքներին և սարքավորումներին։ Ցեպելին Արմենիա ընկերությունը զբաղվում է Կատերպիլար մեքենաների, գեներատորների և սարքավորումների, ՍԵՄ մեքենաների, Յունհաինրիխ մեքենաների և սարքավորումների, ինչպես նաև գյուղատնտեսական Մասեյ Ֆերգյուսոն տրակտորների վաճառքով և հետվաճառքային սպասարկմամբ:
ՃՇՀԱՀ-ում լսարաններից մեկը կահավորվեց տարբեր նպատակների համար շահագործվող Կատերպիլար մեքենաների պաստառներով, ինչպես նաև մասնակից բոլոր ուսանողներին Ցեպելին Արմենիայի կողմից տրամադրվեցին Կատերպիլար և ՍԵՄ մեքենաների ապրանքային տեսականիին վերաբերող ամսագրեր՝ իրենց հետաքրքրության բնագավառում Ցեպելին Արմենիա կազմակերպության ներկայացվող ապրանքանիշի հետ ավելի մանրամասն ծանոթանալու համար։