ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանն ու «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր ՓԲԸ-ի ավագ դպրոցի հեղինակային ծրագրերի համակարգող Արուսյակ Արզումանյանը ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է նպաստել աշակերտի ապագա մասնագիտությանն առնչվող ոլորտի համակողմանի ուսումնասիրմանը, աջակցել աշակերտների տեսական գիտելիքների գործնական կիրառմանը և ճանապարհ հարթել դեպի աշխատաշուկա:
Հուշագրի շրջանակներում Դիզայնի ֆակուլտետը Ճեմարանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպելու է ուսումնական պրակտիկա (4 ամիս) «Ծրագրային ապահովման մշակում» թեմայով։
Դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը ողջունեց և կարևորեց հուշագրի կնքումը. « Մենք կկազմակերպենք ճեմարանի սաների համար ուսումնական պրակտիկա, որի շրջանակներում կձևավորվեն համատեղ աշխատանքային խմբեր, և կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով կիրականացվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում և լուծում, ծրագրերի, սեմինարների իրականացում: Մենք կարևորում ենք ուսանողի աշխատանքի վերահսկումը: Պարբերաբար հետադարձ կապ ապահովելով՝ կկարողանանք պարզաբանել ուսանողի մոտ առաջացած հարցերը և կաջակցենք յուրաքանչյուր գործում»:
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ավագ դպրոցի հեղինակային ծրագրերի համակարգող Արուսյակ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով. «Իրենց աշակերտները կհետևեն համալսարանի ներքին կանոնակարգին, կներկայացնեն իրենց գիտելիքների, հմտությունների շրջանակը և կապահովեն աշխատանքի պլանավորում՝ համաձայն վերջնարդյունքի, կբարձրաձայնեն ծագած հարցերի մասին և կգնահատվեն համաձայն երկկողմ ձևավորված գնահատման սանդղակի»: