(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԷՅՍԻ ԴԻԶԱՅՆ ԷՆՋԻՆԻԸՐԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և «Էյսի Դիզայն Էնջինիըրինգ» ՍՊ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ցոլակ Հարությունյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում ու գործարար մակարդակում դրանց կիրառման գործընթացներում, կնքեցին  համագործակցության հուշագիր:

Հուշագրի շրջանակում նախատեսվում է կրթական ծրագրերի մշակման գործընթացում կազմակերպության փորձառու անդամների ներգրավում, ուսանողների ուսումնաարտադրական ու գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում և անցկացում կազմակերպությունում, համատեղ բաց դասերի, սեմինարների ու քննարկումների կազմակերպում, լավագույն ուսանողների աշխատանքի ապահովում:

ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, ողջունելով համագործակցությունը, ընդգծեց. «Ես ուրախ եմ մի քանի առումներով, որ մեր համալսարանի շրջանավարտները հաջողութուններ ունեն, շատ ուրախ եմ, որ կապը պահպանում են համալսարանի հետ և կրկնակի ուրախ եմ, որ այսօր մեր արդեն ձևավորված ավանդույթը փաստաթղթով կփաստվի: Շնորհակալություն Ձեր գործունեության և պատրաստակամության համար: Համոզված եմ, որ  այս հուշագրի ստորագրումը էլ ավելի խթան կհանդիսանա, որ կարողանանք ակտիվացնել փոխադարձ երկկողմանի համագործակցությունը»:

«Էյսի Դիզայն Էնջինիըրինգ» ՍՊ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ցոլակ Հարությունյանը իր խոսքում նշեց. «Հանդիսանալով այս բուհի շրջանավարտ, առաջնային ենք համարում ուսանողների մասնագիտական կարիերայի զարգացման ուղղված աշխատանքները, երկար տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ուսանողներին անհրաժեշտ են նաև գործնական գիտելիքներ, այս նպատակով պատրաստ ենք համագործակցել Ձեր օժանդակությամբ»:

09.06.22