(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 Համագործակցության հուշագրի կնքում՝ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև

 ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ռեկտոր Եղիազար Վարդանյանը 2021 թվականի մայիսի 31-ին համագործակցության հուշագիր կնքեցին։

Հուշագրի ստորագրման արարողությանը  մասնակցեցին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեղակալ Աշոտ Շահբազյանը, ՏՄ քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակազմի ղեկավար Հովսեփ Հովեյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, միջազգային կապերի գծով պրոռեկտոր  Վարդգես Եդոյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը։

Մինչ հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար                                   Գ․ Շախբազյանը շրջեց համալսարանի Գրունտների մեխանիկայի, Շինկոնստրուկցիաների, Շինարարական նյութերի և պատրաստածքների ուսումնագիտահետազոտական   լաբորատորիաներում, ծանոթացավ դրանց համատեղ  օգտագործման հնարավորություններին։

Հուշագրի ստորագրման արարողությանը ՔՏՀԱՏՄ ղեկավար Գ․Շախբազյանը, գոհունակություն հայտնելով պետական մարմնի և կրթական հաստատության  միջև մեկնարկած համագործակցության առիթով, նկատեց, որ կրթական հաստատությունների հետ համագործակցության կամուրջեր կառուցելը իր համար միշտ առաջնային է եղել։

«Բուհը պետք է համագործակցի պետության հետ, և պետությունն էլ պետք է անպայման աջակցի բուհի կայացմանը։ Շրջելով համալսարանի լաբորատորիաներում՝ համոզվեցի, որ  այստեղ կա բարձր մակարդակի գիտական ներուժ։ Լաբորատորիաների  տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն է տալիս գիտական ձեռքբերումները կիրառելի դարձնել պրակտիկայում։ Սկիզբ դրված համագործակցության իրողությունը Տեսչական մարմնի կողմից դրական արձագանք է ունեցել, որովհետև մենք իսկապես  մասնագետների կարիք ունենք։ Հուսով եմ՝ համագործակցության արդյունքում ուսանողները կհետաքրքրվեն պետական համակարգով և իրենց տեղը կգտնեն այնտեղ»,- ասաց ՏՄ ղեկավար Գ․Շախբազյանը։

Համալսարանի ռեկտոր Ե․Վարդանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով ՏՄ-ի՝ համագործակցության նախաձեռնության համար, նշեց, որ փոխգործակցության արդյունքում կշահեն ոչ միայն համալսարանն ու Տեսչական մարմինը, այլև առաջին հերթին շահառուները՝  ուսանողները։ Նրանք հնարավորություն կունենան ներգավվելու փորձաքննություններին, կատարել կիրառական նշանակության աշխատանքներ։ Ըստ ռեկտորի՝ ընդհանուր առմամբ՝ հեռանկարային համագործակցության հնարավորությունները  մեծ են։

Նշենք, որ  հուշագրի շրջանակում  բուհն ու պետական կառույցը  մասնագիտական և կազմակերպչական բնույթի մի շարք ուղղություններով  նորարարական, դրամաշնորհային ծրագրեր կիրականացնեն։ Կկազմակերպվեն համատեղ գիտական համաժողովներ սեմինարներ, խորհրդակցություններ, ինչպես նաև  մասնագիտական գրականության, մեթոդական  ուղեցույցների, տեղեկագրերի, պարբերականների ու այլ նյութերի փոխանակություն կարվի։ ՔՏՀԱՏՄ-ն ու  ՃՇՀԱՀ-ն համատեղ աշխատանքային խմբեր կձևավորեն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու լուծման նպատակով։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները ուսումնական, արտադրական, նախաավարտական և գիտաարտադրական պրակտիկաներ կանցնեն Տեսչական մարմնում։

Փաստաթղթով ամրագրված համագործակցությունը  կնպաստի փորձի ու հմտությունների կատարելագործմանը,  համալսարանի գիտական ներուժի, տեսական գիտելիքների գործնական կիրառմանը, աշխատաշուկան որակյալ կադրերով համալրելուն։

 

 

01.06.21