ՃՇՀԱՀ ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր քոլեջի ուսանողների մասնագիտական կողմնորոշման նպատակով:
Կնքված հուշագրի համաձայն՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր, քոլեջի ուսանողների համար կազմակերպելու են տեղեկատվական օրեր համալսարանում, թեմատիկ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, մասնագիտական կողմնորոշման, խորհրդատվական և նախապատրաստական դասընթացներ, իրազեկիչ խորհրդակցություններ, համալսարանում շրջայցեր: Նախատեսվում է նաև քոլեջի ուսանողներին ներգրավել համալսարանի կողմից կազմակերպվող միջոցառումներին, պարբերաբար հյուրընկալել վերջիններիս՝ ծանոթացնելով համալսարանական առօրյային և ուսանողական կյանքին, աջակցել քոլեջի բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին ՃՇՀԱՀ-ում ուսումնառությունը շարունակելու նպատակով:
Նմանօրինակ համագործակցությունները կարևոր խթան են հատկապես մասնագիտական կողմնորոշման խնդիրները լուծելու, ինչպես նաև բուհ-քոլեջ համագործակցությունը ընդլայնելու առումով: