ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Այսօր Երևանում անցկացվել է հայ-իտալական բիզնես համաժողովը, որին ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, ՀՀ Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:
Իտալացի գործարարներին ներկայացնելով Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները՝ վարչապետը նշել է, որ ուրախ է հայ-իտալական տնտեսական կապերի ամրապնդման համար, քանի որ այդ կապերն ավանդական են. «Դուք Հայաստանում հայտնվել եք ճիշտ ժամանակին, երբ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորություններն իրենց ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման համար: Տնտեսական կապերն ունեն ոչ միայ զուտ տնտեսական բաղադրիչ, այլև՝ մարդկային, մշակութային, հումանիտար, որովհետև, կարծում եմ, որ մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, իրենց ընկալումներով, ավանդույթներով շատ մոտ են իրար»:
Համաժողովի ներկաներին հայերեն ողջունելով՝ դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ընդգծել է, որ սա կարևոր հանդիպում է իտալացի բիզնես ներկայացուցիչների և Հայաստանի կառավարության միջև: «Իմ հայրենակիցները ժամանակին մի քիչ տարակուսում էին՝ գա՞լ Հայաստան, սկսե՞լ ինչ-որ բիզնես։ Եթե չունենայի այն հիացմունքը և վստահությունն այս երկրի նկատմամբ, ապա այս միջոցառումը չէր կազմակերպվի»: Իսկապես Հայաստանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է՝ նշել է դեսպանը և հավելել, որ հայ-իտալական դարավոր կապն այս համաժողովի արդյունքում առավել կամրապնդվի:
Համաժողովի շրջանակում՝ փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՀՀ Շինարարների միության և Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիայի (ANCE) միջև, որի նպատակն է խթանել սերտ հարաբերությունները երկու կազմակերպությունների միջև, ինչպես նաև օժանդակել իտալական և հայկական ընկերությունների միջև հետագա համագործակցությանն ինժեներական, ենթակառուցվածքների, շինարարության, վերականգնման և զարգացման ոլորտներում:
Հուշագիրն ուժի մեջ է անժամկետ, մինչև դուրս գալու մասին՝ կողմերից մեկի գրավոր հայտարարությունը:
Համաժողովը տևելու է երկու օր: Վաղը մասնակիցները կայցելեն Գյումրի, որտեղ IDEA Foundation-ը և DEEM Communication-ը կներկայացնեն քաղաքին վերաբերող ծրագրերը, որոնք կարող են համագործակցության հեռանկար ունենալ իտալական ընկերությունների համար։