(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՃՇՀԱՀ-Ի ԵՎ ՌՈՒՍՃԱՆԳԻԻ-Ի (ФАУ «РОСДОРНИИ») ՄԻՋԵՎ

Ճանապարհատրանսպորտային ոլորտում գիտական և գործնական համագործակցության նոր ուղիների մշակման համար Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Ռուսաստանի ճանապարհային գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային ինքնավար հաստատության (ФАУ «РОСДОРНИИ») միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր։

Համալսարան էին հյուրընկալվել «Ռուսաստանի ճանապարհային գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային ինքնավար հաստատության գործադիր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոն, տեղակալներ Արտուր Ռոմանենկոն, Սերգեյ Օտրոշչենկոն, տնօրենի գլխավոր խորհրդական Վլադիմիր Մարտինսոնը և տնօրենի տեղակալի խորհրդական Վիկտոր Օստրիկովը։

Հյուրերը բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթագրական շրջայց են կատարել Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ջրային պաշարների և շրջակա միջավայրի պահպանության և արդյունավետ օգտագործման, Գեոդեզիայի, Գրունտային մեխանիկայի ուսումնագիտական, Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիաներում։ Շրջայցից հետո ցուցադրվեց համալսարանի մասին պատմող ֆիլմը, այնուհետև կլոր սեղանի շուրջ քննարկեցին համագործակցության ստեղծման և զարգացման հնարավոր ուղիները։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը բացման խոսքում նշեց. «Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություների մեծ շրջանակ կա, պատրաստ ենք իրականացնել համատեղ գործողություններ՝ ընդհանուր շահերի իրացման և նպատակներին հասնելու համար»։

«Ռուսաստանի ճանապարհային գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային ինքնավար հաստատության գործադիր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոն բարձր գնահատեց համալսարանի լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածությունը, նշելով որ այն հնարավոր է ապագայում ավելի արդյունավետ ներգրավել համատեղ գիտահետազոտական և գիտագործնական նախագծերում։ Առաջարկվեց փոխանակվել երկու հաստատությունների գիտատեխնիկական բազաների ներուժով, համատեղ նախագծերի և պրակտիկ աշխատանքների գծով գործունեություն ծավալելու համար։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը ներկայացրեց ռեկտոր Եղիազար Վարդանյանի ողջույնի խոսքը, որտեղ նշվում էր․ «Վստահ ենք, որ ճանապարհատրանսպորտային ոլորտում համագործակցության մասին

երկկողմ համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա փոխշահավետ համագործակցության հաստատմանը» ։

Ըստ համաձայնագրի կողմերը պայմանավորվեցին իրականացնել համատեղ գիտական հետազոտություններ, կիրառել գիտական հետազոտությունների արդյունքները գիտական զեկույցներում, հոդվածներում, դասագրքերում և այլ հրապարակումներում, մշակել և իրականացնել ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ կրթական ծրագրեր,անցկացնել համատեղ միջոցառումներ , դաշտային փորձարկումներ և նախագծեր։

Երկուստեք կարևորվեց ուսանողության ներգրավածությունը ճանապարհաշինարարական ոլորտում իրականացվող նախագծերում և շինարարության գործընթացում։

03.12.21