(010) 303-300

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ՌԱԶՄԻԿ ՓԵՏԵՎՈՏՅԱՆԸ

Ռազմիկ Արտավազդի Փետևոտյան

Վախճանվեց Ռազմիկ Արտավազդի Փետևոտյանը, Հայաստանի Հանրապետության տեխնիկական ոլորտի նշանավոր գիտնականը և վաստակաշատ մանկավարժը: Շնորհիվ հետազոտողի յուրահատուկ բնավորության նա աչքի ընկավ իր կատարած աշխատանքների խիստ ընդգծված կիրառական նշանակության շնորհիվ, որոնք միտված էին բարելավելու Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական վիճակը և դրանք համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:

Ռ. Փետևոտյանը առավելապես նշանավոր էր կրթության ոլորտում: ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում պաշտոնավարելով որպես ամբիոնի վարիչ, այնուհետև երկար տարիներ Հիդրոշինարարական ֆակուլտետի դեկան շուրջ 50 տարի նա բյուրեղյա մաքրությամբ ծառայեց սերունդների դաստիարակման սուրբ գործին: 1980-85թթ-ին աշխատեց Ալժիրի Հանրապետության Անաբայի համալսարանում, դասավանդելով Հիդրավլիկա, Ջրամատակարարում և ջրահեռացում առարկաներ: Վերջին տարիներին վաստակաշատ պրոֆեսորի համբավով ծառայեց ուսանողներին և ԻՐ շատ սիրելի համալսարանին:

Մեծ է Ռ. Փետևոտյանի թողած գիտամանկավարժական գործունեության ժառանգությունը: Նա հեղինակ է շուրջ 10 դասագրքերի, գիտա-մեթոդական գրքերի և 81 գիտական հրապարակումների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություններ: Մասնագիտական խորը գիտելիքները նա օգտագործում էր ի նպաստ մեր երկրի ջրային համակարգերի արդիականացման գործին: Նրա հմուտ խորհրդատվական ծառայությունների շնորհիվ էր, որ արտասահմանյան կազմակերպություններին հաջողվեց Երևանում և Հանրապետության մյուս խոշոր քաղաքներում ունենալ շուրջօրյա ջրամատակարարում:

Հմուտ մանկավարժ էր, խմելու ջրերի մաքրման եզակի մասնագետ: Հանրապետությունում չկար ջրի մաքրման մի կառույց, որի վերակառուցմանը մասնակից չլիներ, պահանջկոտ էր, ըմբոստ, չհանդուրժող և հոգատար: Ռ.Ա. Փետևոտյանի պայծառ հիշատակը ընդմիշտ վառ կմնա նրա մտերիմների, ընկերների, աշակերտների, ՃՇՀԱՀ ողջ կոլեկտիվի, ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ստվար մասնագետների սրտերում:

Ափսոս Քեզ սիրելի ընկեր

29.10.20