(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԲԱՑՄԱՆԸ

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց Տեսական ֆիզիկայի միջազգային ամառային դպրոցը:

Բացման պաշտոնական արարողությանն իր ողջույնի խոսքով ներկա էր նաև ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Ողջունելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ նախարար Հարությունյանը կարևորեց այսօրինակ համաժողովների և սեմինարների անցկացումը մեր երկրում: Նախարարը նշեց, որ նոր Կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու և հնարավորինս աջակցելու միջազգային կրթական և գիտական միջոցառումների անցկացմանը: Նախարարի խոսքերով՝ բարձրագույն կրթության և գիտության միատեղումը նախարարության առաջնային օրակարգերից է:

Նշենք, որ հուլիսի 2-7-ը անցկացվելիք Տեսական ֆիզիկայի միջազգային ամառային դպրոցի կազմակերպիչներն են Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամը» (ԳԿՀԱՀ), ՅՈՒՆԵՍԿՈ-ի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը, ՙՖոլկսվագեն՚ հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող Տարրական մասնիկների ֆիզիկայի տարածաշրջանային դոկտորական ծրագիրը։ Տեսական ֆիզիկայի բնագավառում ամառային դպրոցի նպատակը դասախոսությունների ու քննարկումների միջոցով երիտասարդ գիտնականներին ու ուսանողներին մաթեմատիկական ու տեսական ֆիզիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ փոխանցելն է։ Ամառային դպրոցը մեր համալսարանի հարկի ներքո է համախմբել 50 մագիստրոս, ասպիրանտ և գիտությունների թեկնածու Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բրազիլիայից, Հունաստանից:

Առաջին փուլի դասախոսությունները, որոնց հետևելու են կարճ քննարկումներ, վարելու են Էլիաս Կիրիտսիսը՝ Կրետեի համալսարանից, Հերբերթ Դրեյները՝ Բոննի համալսարանից, Դանիել Վոլդրամը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից, Կարապետ Մկրտչյանը՝ Պոտսդամի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտից։

02.07.18