(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԿԱՅԱՑԱՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի անդրանիկ նիստը: Գիտական խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրեց 2022 թվականի տարեկան հաշվետվությունը: Պարոն Վարդանյանը փաստեց, որ մեր պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ ունեցել ենք  ձեռքբերումներ գրեթե բոլոր ուղղություններով: Այս տարի բավականին մեծ ընդգրկվածություն ունեցանք գիտական թեմաների մրցույթներում և ի պատիվ մեր գիտնականների հաղթող ճանաչվեցինք մի շարք կարևոր թեմաներում: Նիստի ընթացքում ամփոփվեցին նաև  ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները: Արդյունքում Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց Մարինե Սամվելի Գրիգորյանը, Դիզայնի ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց Արտաշես Արսենի Մելիքյանը, Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ՝ Տիգրան Լեոնիդի Դադայանը և Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ՝ Տաթևիկ Վարդգեսի Եդոյանը:

Հաջորդիվ պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ պատրաստվել է նախագիծ, որը առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստին կներկայացվի և հավանության արժանանալու դեպքում 2023 թվականի փետրվարի 1֊-ից կբարձրացվեն պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակիցների աշխատավարձերը: Պարոն Վարդանյանը շեշտեց, որ աշխատավարձերի բարձրացումը միտված է ինչպես կրթության որակի բարձրացմանը, այնպես էլ  ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացմանը։ Համալսարանը իր հերթին կապահովի ողջ պայմանները, որոնք անհաժեշտ են դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման, մասնագիտական ծրագրակազմերի փաթեթների օգտագործման համար, իսկ դասախոսների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ։

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ ու օրակարգային այլ հարցեր:

 

19.01.23