Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակի առթիվ Ուսանողական խորհուրդն ու Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնը կազմակերպել էին «Մեր ձեռագործները» խորագրով ցուցահանդես:
Ցուցահանդեսին ներկայացված էին մեր ուսանողների ու դասախոսների ձեռագործ աշխատանքները, միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՃՇՀԱՀ երաժշտական բենդը:
Ինչպես նշեց ՃՇՀԱՀ ռեկտոր Ե. Վարդանյանը, «Առաջին տպավորությունը շնորհակալության զգացումն է մեր ուսանողների, նրանց ղեկավարների և բոլոր կազմակերպիչների հանդեպ, երկրորդը՝ նոր բացահայտումների զգացողությունը. ամեն քայլափոխի տեսնում ու հանդիպում ենք տարբեր մարդկանց՝ չիմանալով՝ ձեռագործելու, ստեղծագործելու, իրենց գեղեցիկ մտքերն ու գաղափարները մարմնավորելու ինչպիսի ձիրք ու շնորհք ունեն նրանք: Այսօր հետաքրքիր բացահայտումներ ունեցանք մեր գործընկերների ու ուսանողների շրջանում: Վստահաբար կարող եմ ասել, որ պարբերաբար իրականացնելու ենք նմանօրինակ միջոցառումներ՝ նպատակաուղղվելով նորանոր բացահայտումների»:
Ուսանողական խորհրդի նախագահ Սուսաննա Հակոբյանը ևս շնորհակալություն հայտնեց շնորհաշատ ուսանողներին, դասախոսներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, որոնց ջանքերով էլ իրականություն դարձավ ցուցահանդեսի կազմակերպումը: «Մարդիկ, անկախ մասնագիտությունից, ունեն տարբեր նախասիրություններ, ստեղծում են արվեստի գեղեցիկ գործեր: Սա առաջին փորձն էր որպես ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, բայց ոչ վերջինը: Համոզված եմ՝ հաճախակի կունենանք այսպիսի միջոցառումներ»:
Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը ցուցահանդեսի կազմակերպման համար ցուցաբերած աջակցության համար:
Միջոցառման ավարտին կայացվա հեղինակային ինտերիերային տիկնիկների վիճակահանություն: