(010) 303-300

ԿԱՅԱՑԱՎ ՃՇՀԱՀ 100 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Նկարիչների միությունում կայացավ Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը նվիրված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100 ամյակին։ Ցուցահանդեսին մասնակցում էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական անձնակազմը, արվեստասեր հասարակության ադամներ և այլ պատվավոր հյուրեր: 

Ցուցահանդեսի ընթացքում վարպետը պատմեց, որ ունի մոտ 6000 նկար, ցուցասրահում տեղ են գտել իր նկարներից մոտավորապես 100-ը, որոնք նկարել է 90-ականներից սկսած։

«Ցուցասրահում կգտնեք գեղանկարներ, բնապատկերներ, դիմանկարներ, վերացական արվեստ։ Հաճելի է, երբ մարդիկ նայելով նկարին, հասկանում են ձեռագիրս։ Եթե ազնիվ ես մոտենում գործիդ, դժվար թե այն չգնահատվի»,- ընդգծեց Թադևոսյանը։  

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վարպետի գործերին դեռ վաղուց է ծանոթ, ընդգծեց՝ ցուցահանդեսներն առհասարակ շատ կարևոր են հայ ժամանակակիցներին ծանոթանալու և նրանց արվեստը տարածելու առումով։

«Մեր շուրջ կատարվող դժվար իրադարձությունների մեջ վարպետի նկարները նոր լույս ու հույս են տալիս։ Միշտ սիրով եմ հետևում նրա արվեստին։ Ուրախ եմ, որ նկարիչների միությունը նման մեծ միջոցառում է կազմակերպել և հնարավորություն է ստեղծել արվեստասերներին ավելի խորը ուսումնասիրել նրա աշխատանքները»,- նշեց նա։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշեց, որ կարևորում է Հրանտ Թադևոսյանի ներկայությունն ու դերը համալսարանում։ Առանձնացրեց, որ նկարիչը մեծ դեր ունի նաև ուսանողների համար։

«Նա ոչ միայն գույների, այլև դաստիարակության, ուսուցման, ընկերություն անելու, և սովորեցնելու վարպետ է։ Շատ կարևորում եմ նաև ցուցահանդեսի բացումը։ Այն ներկայացնում է մեր համալսարանի կերպարը և միաժամանակ վարպետի աշխատանքները»,- ասաց նա։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 28-ը:

22.04.22