Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը, որը մեկնարկեց խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի բացման խոսքով։
Նիստի մեկնարկը նշանավորվեց հանդիսավոր ու խորհրդանշական պահով․ Եղիազար Վարդանյանը «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալ հանձնեց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանին՝ հայ ճարտարապետության բնագավառի զարգացման գործընթացում նշանակալի ավանդի և ծննդյան 70-ամյակի համար:
Նիստի օրակարգի հաստատումից հետո համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ներկայացրեց համալսարանի 2025 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը և 2025 թվականի բյուջեի կատարողականը՝ անդրադառնալով իրականացված ծրագրերին, գրանցված արդյունքներին և զարգացման հիմնական ուղղություններին։ Նույն համատեքստում պարոն Բարսեղյանը ներկայացրեց նաև համալսարանի 2026 թվականի բյուջեի նախածման հիմնական դրույթները՝ ընդգծելով համալսարանի առաջնահերթություններն ու զարգացման ռազմավարական ուղղությունները: Պարոն Բարսեղյանը նշեց, որ 2025 թվականին համալսարանում արձանագրվել են էական ձեռքբերումներ կրթության, գիտության, միջազգային համագործակցության, թվայնացման և նյութատեխնիկական բազայի զարգացման ուղղություններով։ Մասնավորապես՝ ընդլայնվել է ուսանողական համակազմը՝ ներառյալ արտասահմանցի ուսանողների թվի աճը, մշակվել և ներդրվել են նոր ու արդիականացված կրթական ծրագրեր, ակտիվացել է գիտահետազոտական գործունեությունը և միջազգային ծրագրերին մասնակցությունը։ Իրականացվել են ուսումնական գործընթացների թվայնացման կարևոր քայլեր, ներդրվել են BIM տեխնոլոգիաների ինստիտուցիոնալ հիմքերը, ինչպես նաև իրականացվել են շինվերանորոգման աշխատանքներ և լաբորատոր ենթակառուցվածքների արդիականացում։ Ռեկտորը ընդգծեց, որ նշված արդյունքները ձևավորում են համալսարանի կայուն զարգացման ամուր հիմք և ուղղված են կրթության որակի շարունակական բարձրացմանը։
Ռեկտորի զեկույցից հետո պարոն Վարդանյանը նշեց. «Տարվա ընթացքում մենք հետևողականորեն ականատես ենք եղել համալսարանի հաջողություններին՝ գործունեության բոլոր ուղղություններով։ Այդ առիթով ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ռեկտոր Մանուկ Բարսեղյանին, ինչպես նաև մեր գործընկերներին՝ իրականացված արդյունավետ և նվիրված աշխատանքի համար, որի շնորհիվ համալսարանն արձանագրել է նշանակալի ձեռքբերումներ 2025 թվականին։
Համալսարանի 2025 թվականի գործունեությունը՝ ռեկտորի գլխավորությամբ, մենք գնահատում ենք լավ և արդյունավետ։
Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել գիտության և տնտեսության կապի խորացման կարևորությունը համալսարանում։ Եթե գիտական գործունեությունը անմիջականորեն չի առնչվում մեզ հուզող գործնական խնդիրների լուծմանը, ապա այդ ոլորտում առաջանում են բացթողումներ։ Այս համատեքստում առաջարկում եմ գիտական հետազոտությունների և նորարարության զարգացման ուղղությամբ ավելացնել երկու կարևոր բաղադրիչ․ առաջինը՝ պետական ֆինանսավորմամբ թեմատիկ, ուղղված հետազոտական աշխատանքների իրականացումը, և երկրորդը՝ համալսարանի բյուջեում նախատեսել համապատասխան ֆինանսավորում՝ մեզ համար առաջնահերթ ոլորտային հետազոտությունները աջակցելու նպատակով։ Նշեմ, որ մնացած առաջնահերթությունները հստակ ձևակերպված են և հիմնավորված։ 2026 թվականի համար առանձնահատուկ կարևորում եմ համալսարանի միջազգային վարկանիշի բարձրացումն ու դիրքերի բարելավումը։ Տեղեկացված եմ, որ այդ ուղղությամբ արդեն իրականացվում են աշխատանքներ, սակայն անհրաժեշտ է առավել խորքային, հետևողական և համակարգված մոտեցում՝ ցանկալի արդյունքների հասնելու համար»։
Մանուկ Բարսեղյանը իր խոսքի ավարտին շնորհակալություն հայտնեց Հոգաբարձուների խորհրդի անդամներին ցուցաբերվող շարունակական աջակցության, արդյունավետ համագործակցության և համալսարանի զարգացման գործընթացում ունեցած կարևոր ներգրավվածության համար։
Օրակարգային հաջորդ հարցով ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը ներկայացրեց համալսարանի 2025 թվականի ֆինանսական աուդիտ իրականացնող կազմակերպության պետական գնումների ընթացակարգով ընտրության հարցը՝ ընդգծելով գործընթացի թափանցիկությունն ու օրենսդրական պահանջներին համապատասխան իրականացումը։
Նիստի ավարտին խորհրդի անդամները հավանություն տվեցին ռեկտորի հաշվետվությանը և ամփոփեցին քննարկումները՝ վերահաստատելով համալսարանի զարգացմանն ուղղված համատեղ և նպատակային աշխատանքի կարևորությունը, իսկ ջերմ մթնոլորտում միմյանց շնորհավորեցին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ, կայուն առաջընթաց և արդյունավետ համագործակցություն առաջիկա տարում։