(010) 303-300

ԿԱՅԱՑԱՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ողջունելով բոլորին,  մաղթեց, որ 2023 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, իսկ ժողովրդի համար՝ աշխատանքային բեղմնավոր տարի.  «Համալսարանի ողջ կոլեկտիվը պարոն Վարդանյանի գլխավորությամբ 2022 թվականին ծավալել է շատ ակտիվ գործունեություն, որի արդյունքում էլ ավելի է բարձրացել համալսարանի վարկանիշը ինչպես Հայաստանում,  այնպես էլ միջազգային ասպարեզում։ Վստահաբար կարող եմ ասել՝ այս տարի ևս մեզ` խորհրդի անդամներիս, սպասվում է աշխատանքային հետաքրքիր ու արգասաբեր տարի»:

Նիստին ներկայացված օրակարգի հաստատումից հետո հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստում համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկայացրեց 2022 թվականին իրականացված աշխատանքներն ու բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2023 թվականի նախատեսված ծրագրերն ու բյուջեն։ Հատկանշական է, որ 2023 թվականի բյուջեի նախահաշիվը շուրջ 300 մլն դրամի չափով գերազանցում է 2022 թվականի տվյալները: Պարոն Վարդանյանը նշեց, որ համալսարանն ակտիվորեն աշխատելու է ավելի մեծ թվով օտարազգի ուսանողների՝ համալսարանի ուսումնական գործընթաց ներգրավելու ուղղությամբ, հենց այդ նպատակով էլ այս տարի գովազդային ակտիվ արշավ է իրականացվելու ոչ միայն տեղացի, այլև արտասահմանցի դիմորդների շրջանում:  Խորհուրդը միաձայն հավանություն տվեց անցած տարվա կատարված աշխատանքներին՝ հաստատելով 2023 թվականի ծրագրերն ու բյուջեն։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աշխատավարձերի բարձրացմանը: Ռեկտորը նշեց, որ երկար ու բազմակողմանի քննարկումների արդյունքում առաջարկ է պատրաստվել հոգաբարձուների խորհրդին, ըստ որի՝ նախատեսվում է փետրվարի 1-ից բարձրացնել 700 և ավել ակադեմիական ժամ ունեցող գիտության դոկտոր պրոֆեսորների աշխատավարձը 25 %-ով, թեկնածու պրոֆեսորներինը 15%-ով, պրոֆեսորներինը 15 %-ով, դոկտոր դոցենտներինը 15 %-ով, թեկնածու դոցենտներինը 15%-ով, դոցենտներինը 15%-ով, դոկտոր ասիստենտներինը 10%-ով, թեկնածու ասիստենտներինը 10%-ով, իսկ  վարչական անձնակազմի աշխատավարձերը միջինում 20%-ով: Ծավալված քննարկումների ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամներն առանձնակի կարևորեցին նշված հարցը՝ իրենց միաձայն աջակցությունը հայտնելով համալսարանի ղեկավարությանն այս կարևոր նախաձեռնության հարցում:

ՃՇՀԱՀ ֆինանսատնտեսական դեպարտամենտի ղեկավար Փայլակ Կարապետյանը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի ու ֆինանսական աուդիտի ստուգման արդյունքները՝ նշելով, որ աուդիտ իրականացնող  կազմակերպությունը համալսարանի 2022 թվականի ֆինանսատնտեսական  գործունեությունը գնահատել է դրական, իսկ Պետական եկամուտների կոմիտեի ստուգման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:

Առանձնակի ուշադրություն դարձվեց համալսարանի կողմից իրականացված պայմանագրային աշխատանքների կատարմանը: Ռեկտորը նշեց, որ պետություն-մասնավոր-համալսարան կապը շատ ամուր հիմքերի վրա է, ինչի մասին փաստում են այն կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք վստահվել են համալսարանին:  Ներկայացվեցին դրանցից մի քանիսը, մասնավորապես.

  • Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համալսարանին են վստահվել ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձորի նոր բնակավայրի կառուցապատման համար անհրաժեշտ ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները,
  • Քաղաքաշինության կոմիտեի հետ «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» ՀՀ շինարարական նորմերի մշակման, տեղայնացման աշխատանքները,
  • «Արմբազալտ ՓԲԸ»-ի հետ «Շինարարական բետոնե և գեոտեխնիկական կոնստրուկցիաներում ոչ մետաղական կոմպոզիտ ամրանների կիրառման կանոնների հավաքածու» փաստաթղթերի մշակման աշխատանքները:

Պարոն Վարդանյան հպարտությամբ տեղեկացրեց խորհրդի անդամներին, որ 2022 թվականին համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` 6 տարի ժամկետով, որը կարևոր ձեռքբերում է բուհի համար: Ի պատասխան խորհրդի անդամ, կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի  հնչեցրած հարցին, որը վերաբերում էր համալսարանին հատկացվող նոր ուսումանական տարածքի վերանորոգման ընթացքին, ռեկտորը տեղեկացրեց, որ հիմնանորոգվել է շուրջ 2500 քառակուսի մետր տարածք, այդ թվում՝ 54 լսարան ու աշխատասենյակ, ինչպես նաև ձեռք են բերվել նոր կահույք ու համակարգչային տեխնիկա, շուտով կտեղադրվի նաև նոր վերելակ, և կգործարկվի ջեռուցման համակարգը: Արդեն երկրորդ կիսամյակի մեկնարկին տարածքը պատրաստ կլինի լիարժեք շահագործման: Հոգաբարձուների խորհրդի անդամ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, տեղեկացրեց, որ անցնող տարին բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվել նախարարության և համալսարնի կողմից, որի արդյունքում նախանշվել են կարևոր միջոցառումներ, որոնք կյանքի կկոչվեն 2023 թվականին, իր խոսքում տիկին Ղալեչյանը կարևորեց ԱՊՀ երկրների մասնակցությամբ 2023 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և համալսարանի հետ նախատեսվող համատեղ միջազգային գիտաժողով՝ «Ճանապարհներ, կամուրջներ, թունելներ» թեմաներով:

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն տվեց ռեկտորի հաշվետվությանը՝ բարձր գնահատելով տարվա ընթացքում կատարված ողջ աշխատանքը:

Պարոն Վարդանյանը համալսարանի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին տարվա ընթացքում համալսարանին ցուցաբերած աջակցության ու սերտ համագործակցության համար:

30.01.23