Հովհաննես Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան կազմակերպել էր «Լևանա» խորագրով փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։ Փառատոնի կազմակերպիչներից էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)` դասախոս, ծաղրանկարիչ, բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի գլխավորությամբ:
Համալսարանի ուսանողները ներկայացրին իրենց հեղինակած երգիծանկարները՝ ցույց տալով իրենց առօրյան, ինչն էլ, բարձր գնահատվելով, արժանացավ ցուցահանդեսում ներկայանալու պատվին։ Փառատոնը հովանավորվել էր տեր և տիկին Լևոն և Աննա Աֆեյանների կողմից։
Փառատոնի առանցքային նպատակներից էին՝ հումորային ժանրում մեր կենցաղը, բարքերը, տարակարծությունների մեկնաբանումը, ժամանակի խնդիրների քննադատումը: «Լևանա» փառատոնը նպատակ ունի խթանելու գրաֆիկական հումորի՝ որպես արվեստի առանձին ճյուղի զարգացումը Հայաստանում:
Փառատոնն ուղեկցվեց կենդանի երաժշտությամբ, որը ինքնատիպ տրամադրություն էր ստեղծում: Ցուցահանդեսի մասնակից ուսանողները պարգևատրվեցին մրցանակներով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի։ Ցուցահանդեսը հետո տեղափոխվեց Սևան քաղաք, երիտասարդների համախմբման, մտքերի գրոհի ու դրանց իրագործման համար։