Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ցուցասրահում բացվեց «Գույն 2» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր համալսարանի 100-ամյակին և Դիզայնի ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին:
Ցուցահանդեսին ներկայացվեցին առաջին կուրսի ուսանողների «Գունատեսություն» առարկայի գործնական ամփոփիչ աշխատանքները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Ե. Վարդանյանը: Կարևորելով համալսարանում նմանատիպ միջոցառումների անցկացումը՝ ռեկտորը նշեց, որ սա լավ հնարավորություն է տալիս ուսանողներին՝ բուհում ձեռք բերված գիտելիքների միջոցով ներկայացնելու իրենց հմտությունները: Պարոն Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի դեկանին ու պրոֆեսորադասախոսական կազմին գեղեցիկ միջոցառման համար և առաջարկեց լավագույն 3 աշխատանքներով հանդես եկած ուսանողներին ու ղեկավարներին ներկայացնել համալսարանի կողմից խրախուսման:
Դիզայնի ֆակուլտետի դեկան Ա. Մելիքյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ղեկավարությանը ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ բոլոր մասնակիցները ֆակուլտետի կողմից կստանան մասնակցության հավաստագրեր և վստահեցրեց, որ նմանօրինակ միջոցառումները կլինեն շարունակական: