ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
2 տարի առաջ էր, երբ Ապրիլյան քառօրյա պատերազմը հանգցրեց տասնյակ ընտանիքների ճրագը և խլեց շատ երիտասարդների կյանքեր: Այսօր, մեր խաղաղ ու անվտանգ գոյությունը հենց շնորհիվ է, նրանց քաջության ու հայրենասիրության:
Այս օրերին ողջ հայությունն է գլուխ և ծաղիկներ խոնարհում նրանց անմար հիշատակի առջև: Մեր համալսարանի Ուսանողական խորհուրդն այս տարի նույնպես կազմակերպել էր մոմավառությամբ քայլերթ դեպի Եռաբլուր։ Երթը գլխավորում էին ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, բուհերի և երիտասարդության հոգևոր առաջնորդ Գեղամ սարկավագ Ավետիսյանը և Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի եղբայր Մուշեղ Սահակյանը։
Գեղամ սարկավագի գլխավորությամբ՝ «Եռաբլուր» պանթեոնում ուսանողներն աղոթք հղեցին առ Աստված. «Ես վստահ եմ, որ այս նախաձեռնությունը բոլորիդ սրտից բխած ուխտագնացության նման մի ճանապարհ է։ Այստեղ ենք՝ մեր հոգին ու սիրտը խոնարհեցնելու մեր նահատակ եղբայրների առաջ»,- նշեց սարկավագը։
Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոսների շիրիմները, խոնարհեցին ծաղիկներ։
Հավերժ փա՛ռք մեր հերոսներին․․․