(010) 303-300

ԽՈՆԱՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԵՌԱԲԼՈՒՐ

ՃՇՀԱՀ ուսանողական խորհուրդը մարտի 19-ին՝ ժամը 18.30-ին, կազմակերպել էր երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան երկրորդ պատերազմում զոհված անմահ հերոսների հիշատակին: Երթին մասնակցեցին ռեկտոր Եղիազար Վարդանյանը, պրոռեկտորները, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի, քոլեջի, դպրոցի ներկայացուցիչներ, ուսանողներ ու շրջանավարտներ:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, ինչպես դրան նախորդած Քառօրյա պատերազմը, անասելի ցավ ու տառապանք տվեցին հայ ժողովրդին: Մեր պատմության մեջ ամրագրվեցին նոր հերոսների անուններ, որոնց թվում են նաև ՃՇՀԱՀ ուսանողներ: Հայրենիքի պաշտպանության համար ծանրագույն մարտերում նրանք անմահացան՝ հայրենիքին ու ժողովրդին թիկունք դառնալով իրենց կյանքի գնով: Նահատակված հերոսների հիշատակը հարգելը յուրաքանչյուր հայի համար պարտքի ու պատասխանատվության գիտակցում է, հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում:

100-ամյա պատմություն ունեցող մեր համալսարանը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված հերոսների անմար հիշատակը կփոխանցի գալիք սերունդներին՝ նրանց կատարած սխրանքը օրինակ դարձնելով բոլորի համար:

20.03.21