(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԵՔ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 24-ին, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, ամփոփվել է «Լավագույն ուսանող» ամենամյա մրցույթը: Հաղթողներին հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով պարգևատրել է անձամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:Հպարտությամբ և մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ պարգևներից և հաղթողի տիտղոսից անմասն չեմ մնացել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները: Այսպիսով՝ Ճարտարագիտության ոլորտում 1-ին տեղերը շնորհվել են մեր համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Օհանյանին և նույն ամբիոնի բակալավրի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանին: Դե իսկ Մշակույթի ոլորտում 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դիզայնի ֆակուլտետի Ինտերիերի և էքստերիերի, դիզայնի ամբիոնի 2 րդ կուրսի ուսանող Մեսրոպ Սահակյանը: Այսօր մեր լավագույն ուսանողներին հյուրընկալել է համալսարանի ղեկավարությունը ի դեմս ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանի: Նա շնորհավորել է հաղթողներին՝ հորդորելով շարունակել ուսումը նույն բարձր առաջադիմությամբ և հաղթական ոգով: Որպես պարգևատրում՝ պարոն. Վարդանյանը, համալսարանի կողմից, ուսանողներից յուրաքանչյուրին նվիրել է ՀՀ ժողովրդական և վաստակավոր նկարիչ, մեր համալսարանի պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի գիրքը: Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթում մրցանակները տրվել են 7 ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ, սպորտ: Այս տարի «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը շնորհվել է 14 ուսանողի, 2-րդ և 3-րդ
տեղերը` 12-ական ուսանողի: Շնորհավորում ենք մեր ընկերներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում այսօրինակ հաջողությունների ու ձեռքբերումների անվերջանալի շղթա:

26.12.19