Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը։
Նիստի օրակարգային հարցերը հաստատելուց հետո ռեկտոր Մանուկ Բարսեղյանը ներկայացրեց համալսարանի 2025 թվականի տարեկան հաշվետվությունը՝ ընդգծելով, որ այդ ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներն ու առաջընթացը հնարավոր են դարձել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և գործընկեր կառույցների համատեղ, հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Ռեկտորը անդրադարձավ կրթական, գիտական և կազմակերպչական ոլորտներում իրականացված ծրագրերին՝ կարևորելով համալսարանի զարգացման ռազմավարական ուղղությունները։
Օրակարգային հաջորդ հարցով Սարգիս Թովմասյանը գիտական խորհրդի քննարկմանը ներկայացրեց համալսարանի ներքին իրավական ակտերի հաստատման հարցը, ինչպես նաև ատենախոսական թեմաների և գիտական ղեկավարների ցանկը, որը ևս ներկայացվեցին հաստատման։
Նիստի ավարտին ռեկտոր Մանուկ Բարսեղյանը շնորհավորեց գիտական խորհրդի անդամներին, համալսարանի աշխատակազմին և ուսանողներին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական եռանդ, նոր մասնագիտական ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ բուհի զարգացման ու առաջընթացի ճանապարհին։
Գիտական խորհրդի տարեվերջյան նիստը ևս մեկ անգամ ամփոփեց տարվա արդյունքները և սահմանեց առաջիկա ծրագրերի իրականացման կարևոր ուղղությունները՝ վերահաստատելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հավատարմությունը որակյալ կրթության, գիտության և ազգային արժեքների պահպանման սկզբունքներին։