(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ (GIS) ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ

ՃՇՀԱՀ-ում կայացավ համալսարանի և ԻնտերգեոտԷկ ՍՊԸ-ի համատեղ կազմակերպած մասնագիտական սեմինարը։ Միջոցառումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գիտնականներին, երիտասարդ հետազոտողներին և ուսանողներին՝ քննարկելու ժամանակակից գեոդեզիայի և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի կիրառական և գիտական ներուժը։

Սեմինարը մեկնարկեց ՃՇՀԱՀ Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկանի Վալերիկ Հարությունյանի բացման խոսքով. «Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում գեոդեզիան և աշխարհագրական տեղեկատվական համակարգերը դարձել են ոչ միայն գիտական, այլև կիրառական կարևորագույն ոլորտներ։ Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները պահանջում են նորարարական և խելացի լուծումներ՝ համակցված ժամանակակից տեխնոլոգիաների հետ։

Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր նախաձեռնության մաս կազմելու համար և մաղթում արդյունավետ աշխատանք, հետաքրքիր քննարկումներ և նոր բացահայտումներ»։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ինտերգեոտեկ ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ամիրաղյանը, որը շնորհակալություն հայտնեց համալսարանին արդյունավետ համագործակցության և միջոցառման կազմակերպման համար.

«Ուրախ եմ տեսնել այսքան երիտասարդ մասնակիցների, ովքեր հետաքրքրված են սեմինարի թեմաներով։ Շնորհակալություն մեր երկարամյա գործընկերոջը՝ համալսարանին, որ ապահովում է այս կարևոր հարթակը և նպաստում ոլորտի մասնագետների համախմբմանը։

Մեր ընկերությունը մշտապես կարևոր տեղ է հատկացնում կրթական և գիտական հաստատությունների հետ համագործակցությանը։ Մեզ համար էական է ոչ միայն ոլորտի ներկայացումը, այլև նրա գիտական հիմքերի զարգացումն ու տարածումը։

Այսօր աշխարհատարածական տեխնոլոգիաները վաղուց դուրս են եկել միայն շինարարության և գեոդեզիայի սահմաններից՝ կիրառություն գտնելով բազմաթիվ այլ ոլորտներում։ Այս սեմինարը ևս մեկ քայլ է՝ ընդլայնելու մասնագիտական հորիզոններն ու խթանելու գիտական նոր լուծումների ներդրումը»։

Ողջույնի խոսքերից հետո գեոդեզիայի ոլորտի անկախ փորձագետ Միխայիլ Կարավանովը ներկայացրեց իր մասնագիտական փորձը։ Պարոն Կարավանովը երկար տարիներ դասավանդել է Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարանի Գեոդեզիայի ամբիոնում՝ նպաստելով ոլորտի մասնագիտական զարգացմանը։

Սեմինարի ընթացքում տեղի ունեցավ գեոդեզիական գործիքների ցուցադրություն, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատել Trimble SX 12 գործիքով, ներգրավվեցին  գործնական աշխատանքներում և ծանոթացան արդյունքներին։ Միջոցառման եզրափակիչ մասում անցկացվեց խաղարկություն, որն ապահովեց մասնակիցների առավել մեծ ներգրավվածությունը և դրական մթնոլորտը։

24.02.25