(010) 303-300

ԻՏԱԼԻԱՅԻ ԴԻԶԱՅՆԻ ՕՐԵՐԸ ԿՆՇԵՆՔ ՆԱԵՎ ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Մարտի վերջին նշվում է Իտալիայի դիզայնի օրերը: Մենք նույնպես անմասն չենք մշակութային ահռելի ժառանգություն ունեցող երկրի կարևոր իրադարձությունից: Այդ օրերը մեր համալսարանում նույնպես նշանակալի դարձնելու համար՝ այսօր հյուրընկալել էինք ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Դեսպանն առաջին անգամ էր մեր համալսարանում: Տպավորված էր և շնորհակալ՝ թե’ ընդունելության, թե’ շրջապատող գեղեցկության, թե’ թունդ, բայց անմահական համով կոնյակի համար:

Ներկայացնելով Իտալիայի դիզայնի օրերի հետ կապված միջոցառումները՝ դեսպանը նշեց, որ մարտի 20-23 նախատեսվում են մշակութային օրեր անցկացնել ինչպես մեզ մոտ, այնպես էլ՝ Թիֆլիսում: Այդ օրերին Իտալիայից մեր համալսարան կժամանեն իտալացի ճարտարապետներ, որոնք կներկայացնեն այս տարվա՝ «Խելացի քաղաք» խորագրով նախագծեր, և կխոսեն ժամանակակից իտալական ճարտարապետության և դիզայնի մասին: Քննարկվեց նաև մեր ուսանողների հետ վարպետության դասեր անցկացնելու հարցը, ինչին դեսպանը պատասխանեց՝ կարելի է, ինչու՝ ոչ:

Հանդիպման ավարտին՝ հեռախոսազրույց վարելով Վրաստանի իր գործընկերոջ հետ, դեսպան Մոնակոն հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, Իտալիայի դիզայնի օրերը մեր համալսարանում կանցկացվեն մարտի 22-ին:

27.02.19