(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՏԱԼԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ՓՈՐՁՈՎ ՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ

Իտալիայի դիզայնի օրերի շրջանակներում բացված ցուցահանդեսի գրեթե բոլոր նախագծերը մրցանակակիր էին: Վերջինները ճարտարապետներ Լիվիո Սակկիի (Իտալիայի ճարտարապետների խորհրդի նախագահ), Ստեֆանո Ռագացցոյի, Ֆրանչեսկո Մանյանիի, Բարբարա Կամոչինիի և ինժեներ-հետազոտող Մաուրո Աննունցիատոյի հեղինակած աշխատանքներն էին այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն խելացի և կայուն քաղաքները, յուրօրինակ ու հարմարավետ լուծումներով շինությունները:

Ինչպես արդեն նշել էինք, միջոցառման շրջանակում անցկացվեցին նաև «Խելացի քաղաք» խորագիրը կրող դասախոսություններ՝ մեր համալսարանի ուսանողների և դասախոսների լայն շրջանակի համար:

Լիվիո Սակկին ներկայացրեց դասախոսություն՝ «Ճարտարապետական ժառանգությունը Եթովպիայում. երկու կայսերական համալիրների վերականգնում» թեմայով, Ստեֆանո Ռագացցոն՝ «Շենքի ընդհանուր տարածքները» թեմայով, Ֆրանչեսկո Մանյանին՝ «Վենետիկ. վերջին նոր աշխատանքները» թեմայով, Մաուրո Աննունցիատոն՝ «Խելացի քաղաքներ. ճանապարհային քարտեզ դեպի կայուն քաղաքներ» թեմայով և Բարբարա Կամոչինին՝ «Քաղաքը խոսում է իր մասին: Բուհի, քաղաքապետարանի և քաղաքային համայնքի միջև գործնական-հետազոտական փորձառություններ» թեմայով:

Իտալական ճարտարապետության ու դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, նոր մտքեր ու գիտելիքներ ձեռք բերելու ցանկությունն՝ անհագ: Այդ էին վկայում դասախոսություններին մասնակիցների թիվն ու ոգևորությունը:

Ամփոփվեցին Իտալիայի դիզայնի օրերը բարեկամակական ջերմությամբ, նոր հանդիպումների և համագործակցության խոստումնալից հեռանկարով:

22.03.19