Ապրիլի 1-5-ը Իսպանիայի Ալկալա դե Հենարես քաղաքում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական վարչության պետ, Նյութերի դիմադրության ամբիոնի դոցենտ Անգին Մարտիրոսյանը, Կրթության որակի ապահովման առաջատար մասնագետ, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի ասիստենտ Աստղիկ Գրիգորյանը և նույն ամբիոնի դասախոս Լիանա Օհանյանը:
Գործուղման նպատակը՝ Էրազմուս+ KA107 ծրագրի շրջանակում՝ գործընկեր երկրների բուհերի միջև համագործակցային կապերի ընդլայնմանը միտված «Աշխատակազմի շաբաթ» միջոցառմանը մասնակցելն էր՝ 8 երկրի 32 ներկայացուցչի հետ մեկտեղ:
Քառօրյա տեղեկատվական սեմինարի ընթացքում մեր համալսարանի պատվիրակությունը մասնակցեց մի շարք թեմաների քննարկմանը, որոնցից են՝ միջազգային համագործակցություն և շարժունության կառավարումը, բուհերի գործունեության միջազգայնացմանը միտված հնարավոր գործիքները, փորձի փոխանակումը, Ալկալայի համալսարանի կրթական ռեսուրսներին ծանոթանալը և հետագա համագործակցության հնարավորությունները:
Որպես միջազգայնացման լավագույն փորձի օրինակ՝ ներկայացվեցին Կանադայի, Ռուսաստանի և Հայաստանի բուհերը, ի դեմս ՃՇՀԱՀ-ի՝ որպես միջազգայնացմանն ուղղված գործընթացների ակտիվ մասնակից:
Այցն արգասաբեր էր նաև նոր համագործակցությունների հավանական ձևավորման տեսանկյունից: Գործնական կապեր հաստատելու առաջարկներ եղան Ալկալայի համալսարանի Ճարտարագիտական դպրոցի դեկանի, Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկանի և Կանադայի Ջորջիան Քոլեջի Տարածքային ղեկավարի կողմից: Տեղեկատվական սեմինարի ավարտին՝ մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր:
Նախատեսվում է այցի ընթացքում ուսումնասիրած փորձի և ձեռք բերած գիտելիքների փոխանցման նպատակով իրականացնել կլոր սեղան՝ մեր համալսարանի համապատասխան թիրախային խմբերի համար: